ԱՄՆ-ը Սիրիային սպառնում է պատժամիջոցներով
«Միացյալ Նահանգները կարող է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել` Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW), ինչպես նաև Հետաքննության և նույնականացման խմբի (GRI) զեկույցի հրապարակման հիմքով, ըստ որի, ենթադրվում է, որ 2017 թվականի մարտին Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են օգտագործել Էլ-Լատանմա բնակավայրում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Հարցին, թե զեկույցը հրապարակելուց հետո ինչ հատուկ միջոցներ կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Դամասկոսի նկատմամբ, դիվանագետը պատասխանել է, որ Միացյալ Նահանգները կարող են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, բայց կարծում է, որ դա համարյա անօգուտ է:
«Ցավոք, մեզ համար այդ մեխանիզմը մատչելի չէ, քանի որ Ռուսաստանը, որին սովորաբար աջակցում է Չինաստանը, սովորաբար արգելափակում են Ասադի և նրա դաշնակիցների ռեժիմին պատասխանատվության ենթարկելու բոլոր փորձերը»,- ասել է նա:
Այդ պատճառով, ըստ նրա, ստիպված կլինեն այլ գործողություններ ձեռնարկել:
«Դրանք քաղաքական, դիվանագիտական և տնտեսական բնույթի գործողություններ են»,- շեշտել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ըստ նրա, խոսքը գնում է սահմանափակումնների մասին:
«Դրանք ներառում են նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների ծրագրերը, ներառյալ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության մասին ակտով նախատեսված պատժամիջոցները, որոնք վերջերս Կոնգրեսում ընդունվել էին ձայների ճնշող մեծամասնությամբ՝ պատժել ռեժիմը և տնտեսական սահմանափակումներով պատժել նաև նրանց, ովքեր աջակցում են ռեժիմին»,- ասել է դիվանագետը: