Մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով, տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հատկանիշներով
Հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ են իրականացվել, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության և դեպքի մի շարք հանգամանքների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, նախնական տվյալներով՝ 36-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել Շողակաթ համայնքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ու ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
«Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: