COVID-19 հավելվածների կիրառման ժամանակ անձնական տվյալների պաշտպանության կողմնակի ազդեցություններից պետք է խուսափել․ԵԽ
Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության «Կոնվենցիա 108» հանձնաժողովի նախագահ Ալեսանդրա Պիերուչին և Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հարցերով հանձնակատար Ժան-Ֆիլիպ Վալտերը համատեղ հայտարարությամբ նախազգուշացնում են COVID-19 համաճարակի կանխարգելման գործում թվային կոնտակտների հետագծման հավելվածների հնարավոր կողմնակի հետևանքների մասին և կոչ են անում կիրառել համապատասխան երաշխիքներ՝ անձնական տվյալների և գաղտնիության հետ կապված ռիսկերը կանխելու համար:
Հայտարարության մեջ ասվում է, որ համաճարակի սկսվելուց ի վեր, կառավարությունները և վիրուսի դեմ պայքարում ներգրավված շահագրգիռ կողմերն այս սպառնալիքին պատասխանելու համար ապավինում են տվյալների վերլուծություններին և թվային տեխնոլոգիաներին: Որոշ երկրներում օգտագործվում են բջջային հավելվածները, իսկ մյուսներում դիտարկվում են որպես փոխլրացնող պատասխան՝ կոնտակտային մոնիտորինգն արագ կատարելու անհրաժեշտությանը։
Մասնագետները հիշեցնում են, որ այն երկրներում, որտեղ ընտրվել են նման լուծումներ, անհրաժեշտ կլինի ստեղծել խիստ իրավական և տեխնիկական երաշխիքներ` անձնական տվյալների պաշտպանությանն ու գաղտնիությանն ուղղված ռիսկերը մեղմելու համար:
Նշվում է, որ եթե նման հավելվածներն օգտագործվում են, ապա դրանք պետք է լինեն սահմանափակ ժամանակահատվածով և բացառապես կամավոր հիմունքներով: Այս ծրագրերը պետք է ներառեն առանձնահատկություններ` ռիսկերը կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար, օրինակ. ապահովելով անհատների գտնվելու վայրի տվյալները չեն չօգտագործվելու և որ ուղղակի հնարավոր չի լինի նույնականացումը։