
«Մենք պետք է որոշակի դիմադրություն ցուցաբերենք առողջապահության նախարարի այդ փոքրիկ կապրիզներին»
Երևանի ավագանու որոշմամբ լուծարվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ասաց, որ Երևանի ենթակայությամբ գործող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը եղել է պետական բյուջեից ստացվող գումարները, օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումը, քանի որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը ներառված է եղել առողջապահական պետական նպատակային ծրագրերում
Ըստ նրա, ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:
«Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ հրամանով ստեղծված՝ 2020 թվականին բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի 28.11.2019թ. հ.2.2 որոշման՝ Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի հ.49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6- րդ հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը, այն է՝ հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը:
Հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող արտահիվանդանոցային գործունեության հիմնական ուղղությունները՝ Երևանի քաղաքապետի 02.01.2020թ. գրությամբ դիմել ենք առողջապահության նախարարին՝ ընկերությանը արտահիվանդանոցային ծառայության գծով պետական պատվեր տրամադրելու առաջարկությամբ՝ մինչև Երևան քաղաքի ավագանու կողմից ընկերության հետագա գործունեության հարցի կարգավորումը: Համաձայն առողջապահության նախարարի գրության՝ առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ առողջապահության նախարարությունը Երևան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացրել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ»,- մասնավորապես նշված է որոշման հիմնավորման մեջ:
Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու լուծարված հիմնարկի շենքի ճակատագիրը, Կամսար Բաբինյանն ասաց, որ շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, կարծում է՝ կլինեն բիզնես առաջարկներ, կքննարկեն ու նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում կկայացվի։
Մ. Մանրիկյանը շարունակեց. «Փաստորեն ստացվում է, որ մենք հերթական հիմնարկ ենք լուծարում, բուժհաստատությունները մասնավոր սեկտորիների կառավարմանը հանձնելու քաղաքականությունը շարունակվում է։ Մինչև ո՞ւր պետք է գնանք։ Քաղաքապետը դիմել էր, որ պետպատվեր տրամադրվի, նախարարությունը սակայն չի տրամադրել։ Փաստացի այդ լուծարումը ստացվել է նախարարության քամահաճույքների արդյունք։
Բայց այն դեպքում, երբ որ քաղաքային ենթակայության տակ գտնվող Նորք Մարաշը կատարում է 170 միլիոն դրամi պետպատվեր, նախարարությունը քցոցիով այդ 170 միլիոնը մինչև օրս չի փոխանցել։ Դիմում եմ մնացած խմբակցությունների իմ գործընկերին, որպեսզի ավագանիով այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերենք։ Եվ այն 170 միլիոն դրամը, որը կատարել է «Նորք Մարաշ» բուժհաստատությունը, նախարարությունից վերադարձնենք մեր քաղաքային բյուջե»։
«Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանն ասաց, որ նախարարի որոշումը սխալ է, ապա հարցրեց, թե ի՞նչ են լինելու դիսպանսերում բուժում ստացող հիվանդները։
Կամսար Բաբինյանն ասաց, որ ամբուլատոր պայմաններում բուժում ստացողներն իրենց դեղորայքը կստանան իրենց տարածքի պոլիկլինիկաներից, իսկ ստացիոնար հիվանդները գնալու են Աբովյան բուժում ստանալու։
Ավագանու ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են լինելու 62-63 աշխատակիցների վիճակը և ի՞նչ պայմաններում են գտնվում պոլիկլինիկաների այն սենյակները, որտեղ պետք է ստուգվեն հիվանդները։
Կ. Բաբինյանն ասաց, որ 19 բժշկից արդեն 11-ը տեղավորվել են աշխատանքի, միջին բուզանձնակազմից 7 հոգի աշխատանք է գտել, մնացածի հետ կապված վարչությունը փորձում է օգնել, ապահովել աշխատանքով, բայց, իհարկե, բոլորին չեն կարող։ Պոլիկլինիկաների սենյակների հետ էլ կապված ասաց, որ տեխնիկապես հագեցված են, սանիտարահամաճարակային պայմանները համապատասխանում են սահմանված նորմատիվներին։
Հռիփսիմե Առաքելյանն ընդգծեց, որ պետք է որոշակի դիմադրություն ցուցաբերեն առողջապահության նախարարի այդ փոքրիկ կապրիզներին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ իրենք ներկայացրել են ծրագիր, սակայն այն չի ընդունվել առողջապահության նախարարության կողմից։
Միքայել Մանրիկյանն ասաց, որ լավ առիթ է բոլորով հանդիմանեն, առողջապահության նախարարությանը ցույց տան իրենց կամքը, այսպես չի կարող շարունակվել, ինչ ուզեն մատուցեն, իրենք էլ հալած յուղի տեղ պետք է ընդունեն։
«Եկեք դեմ քվեարկենք, փորձենք նախարարությանը բերենք բանակցությունների, ավագանին ցույց տա իր կամքը»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարթությանն ասաց, որ եթե ավագանին ուզում է պրոցես սկսել, պետք է ԱԺ գործընկերների հետ սկսեն, առանց օրենսդրական բազայի չեն կարող ինչ-որ ֆիզիկական փոխհարաբերությունների մեջ մտնեն։
Որոշումն ընդունվեց 34 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր





