Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կապահովվեն ներառականությունն ու մատչելիությունը
«Նպատակ ունենք նախադպրոցական կրթության հավասար պայմաններ ստեղծել բոլոր երեխաների համար»,- խորհրդարանում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նրա խոսքով, կարևորվել է ներառականության ու մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով:
«Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը, ըստ որի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող երեխաները, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաները, և զինծառայողների երեխաները կարող են օգտվել նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից»,- ներկայացրեց ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նրա, նկարագրվել են նախադպրոցական ուսումնական ծրագրերը, երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է երեխաների առաջնային բուժսպասարկումը:
«Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը և ավելացվել են երեխաների իրավունքների դրույթները, սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ և պարտադիր վերապատրաստումը»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ կարգավորվելու է նաև զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման գործընթացը:
«Մինչ օրս յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և ծառայություններ մատուցել, բայց որևէ մեկը չէր վերահսկում, թե ինչպիսի ծառայություն է մատուցվում այնտեղ: Որովհետև կարող է ընդամենը զբաղվածության համար բացվեն այդ կազմակերպությունները, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեն: Իսկ այս պարագայում դա արգելվում է, և պարտադիր լիցենզավորվելուց հետո միայն կազմակերպությունը կկարողանա որպես նախադպրոցական ուսումնական կազմակերպություն գործել»,- ներկայացրեց Ս. Հովսեփյանը:
Բացի այդ, ըստ պատգամավորի, կարևորվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների պարտադիր վերապատրաստման գործընթացը, և յուրաքանչյուր տարի գոնե մեկ անգամ տնօրենների հավաստագրում պետք է լինի, ինչպես նաև դայակներն ու դաստիարակները պետք է վերապատրաստվեն:
«Իսկ այդ գործընթացն այս պահին չի իրականանում, թեև սահմանված է, որ 5 տարին մեկ պետք է այդ վերապատրաստման գործընթացն իրականացվեր: Բացի այդ, դայակները, դաստիարակներն ու տնօրեններն այսուհետ համարվելու են մանկավարժ, ինչը մինչ օրս չի եղել»,- տեղեկացրեց Ս. Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց