Միքայել Մինասյան. Ես ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության շահերն ուրիշ պետությունում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը Հայաստանի Հանրապետությունում
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսաշարի երկրորդ մասը՝ «Ստի վերջը 2»։
Տեսանյութի սկզբում նա արձանագրեց կարևոր, հետաքրքիր ու արդեն պատմական փաստ։
«Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետը, մարդ, ով հերքում է ամեն ինչ ու բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վենացյանը պատմել է ամիսներ առաջ»,-ասաց Միքայել Մինասյանը։
Նա ևս մեկ անգամ կրկնեց, թե ինչ առաջարկներ է իրեն ներկայացրել Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով.
1. Ես դադարում եմ զբաղվել Հայաստանում քաղաքական ու հասարակական գործունեությամբ
2. Բոլոր քրեական հետապնդումները դադարում են կամ շատանում են, եթե ես մերժում եմ առաջարկը
3. Ես մուծում եմ սիմվոլիկ գումար իքս հիմնադրամին։
Մինասյանի խոսքով, ինքը շատ լավ գիտի, թե ինչու Փաշինյանը չի հերքել, այդ մասին գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Նախկին դեսպանն ապա պատասխանեց օգտատերերից ստացած հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում է իր դաստակին եղած կարմիր թելի նշանակությանը։
«Սա իմ տղայի՝ Արայի մկրտության թելն է, նարոտը։ Այն խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը խավարի ու մահվան նկատմամբ։ Գույները՝ կարմիրն ու սպիտակը խորհրդանշում են խաչված Հիսուսի վերքերից հոսող արյունն ու ջուրը»,-ասաց Մինասյանը։
Նա կես կատակ-կես լուրջ պատասխանեց նաև այն հարցին, թե «Սերժի վախտ խի չէր խոսում»։
«Ժողովուրդ, Սերժի վախտ խոսում էր ընդամնեը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց կեսը սուտ էր ասում, կեսն էլ մորուքով եկավ, նոր կյանք էր սկսել, մենք պարտավոր էինք մոռանալ»,-ասաց նա։
Ի պատասխան այն հարցի, թե ինչու չի գալիս Հայաստան, Մինասյանն ասաց՝ ինքը գալու է։
Անդրադառնալով իրեն ուղղված այն հարցերին, եթե արդար է ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան, Միքայել Մինասյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր։ Եվ այն մարդիկ, ովքեր ուղիղ կատարում են իր հանձնարարականները, պատրաստված են ինձ ձերբակալելու, կալանավորելու, փակելու՝ առանց ինձ խոսելու հնարավորություն տալու։ Անկեղծ, եթե դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք։ Իհարկե, ոչ։ Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս, ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, նրանց տները խուզարկվում են, ես գիտեմ, որ նրանց համար ծանր է, ծանր է նաև ինձ համար»,-ասաց նա։
Անդրադառնալով ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ ֆեյսբուքյան գրառմանը, որով հարցականի տակ է դնում Մինասյանի հայրենասիրությունն ու հարց հնչեցնում, թե որտեղ էր նրա հայրենասիրությունը 2008-2018 թթ., Միքայել Մինասյանն ասաց.
«Իմ շատ հարգելի տիկին Հրանուշ Խառատյան,2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Բացասականի մասին ես ինքնս եմ մի օր խոսելու։
Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս Հյաստանի Հանրապետությանի, և ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության դեմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել 2015 թ Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ Հայաստանի Հանրապետությունում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրիի»
- Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
- Միքայել Մինասյան. Դուք՝ Նիկոլ Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու
- Միքայել Մինասյան. Հայաստանում «ճշմարտության պահն» է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում