ՄԻՊ-ից կապ են հաստատել Մալյանին շնորհավորելու համար ոստիկանությունից ազատված սպայի հետ
Օրեր առաջ համացանցում ակտիվորեն քննարկում ու քննադատում էին ոստիկանությունից սպա Ալբերտ Ունուսյանի հեռացումը։ Շատերը գրեցին, ապա Ունուսյանն ու նրա կինն էլ հաստատեցին, որ աշխատանքից ազատման պատճառը եղել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին ֆեյսբուքում ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելը։
Panorama.am-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են արվում Ունուսյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար։
«Հրապարակային գրառումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել Ալբերտ Ունուսյանի հետ իրեն աշխատանքից ազատելու լուրերի հետ կապված։
Պարոն Ունուսյանը նշել է, որ ազատվել է աշխատանքից, բայց Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու մտադրություն չունի։ Նրան պարզաբանվել է Պաշտպանի իրավասությունը և դիմելու կարգը»,-պատասխանեցին ՄԻՊ գրասենյակից։