Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արցախի «Արդարություն» կուսակցությունից մոտ տաս հոգի ապրիլի 30-ին ակցիա է իրականացրել նախագահականի դիմաց, որի շրջանակում հանձնել են նամակներ ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Panorama.am-ի հետ զրույցում «Արդարություն» կուսակցության մամուլի քարտուղար Անի Կաղինյանն ասաց, որ նամակի բովանդակությունը կապված էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների հետ. կուսակցությունը պահանջել էր բացատրություն մի շարք անհանգստացնող հարցերի շուրջ՝ բանակցային սեղանին կոնկրետ ինչ փաստաթուղթ է դրված, արդյո՞ք Արցախի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ոչ, արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի վերաբերյալ։
«Հողերի հետ կապված մտահոգությունը բոլորիս է անհանգստացնում, քանի որ չգիտենք, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։
Ա. Կաղինյանը նշեց, որ միջոցառումն իրականացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիանների և ԱՀ օրենքների շրջանակում, պահպանվել են համավարակի բոլոր նորմերը, սոցիալական հեռավորություն, դիմակների և ձեռնոցների պարտադիր կրում։ Նրա խոսքով, ոստիկանությունը շրջել է տարածքում, սակայն ոչ մի բան չի նախաձեռնել հավաքը ցրելու հետ կապված։
«Նույն օրը երեկոյան Ստեփանակերտի ոստիկանության բաժանմունք էին հրավիրվել «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը, նյութեր էին նախապատրաստվել, մեղադրանք էր առաջադրվել։ Չնայած մեր տեղեկություններով, դրանից մի քանի օր հետո «Ազատ հայրենիք» կուսակցությունը փակ դահլիճում 200-ից ավելի մարդով հավաք է անցկացրել, բայց իրենց հանդեպ նման բան չի կատարվել»,- ասաց կուսակցության մամուլի քարտուղարը։
Ա. Կաղինյանի խոսքով, կոնկրետ քրեական հետապնդում է գնում այն կուսակցության նկատմամբ, որն ընդդիմադիր է, որի անունը կապված է Վիտալի Բալասանյանի հետ։
«Հենց այդ պատճառով հետապնդվում են կուսակցության անդամները»,- նշեց նա։
Նա ասաց, որ չորս հոգու նկատմամբ մայիսի 11-ին քրեական գործ է հարուցվել. չորից երեքը մի քանի օրից մանդատներ են ստանալու, չորրորդը՝ կուսակցության համանախագահն է։
Փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց, որ քրեական գործ է հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն /օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը/։ Նա նշեց, որ իրենց դիրքորոշումն այնպիսին է, որ այդպիսի հանցակազմի հատկանիշներ չեն կարող լինել. «Որպես այդպիսին՝ հավաք չէր կարող համարվել, քանի որ յուրաքանչյուր ոք չէր կարող մասնակցել այդ միջոցառմանը։ Հավաքների ազատության մասին օրենքի 2-րդ հոդվածում նշված է, թե ինչ է իրենից ներկայացում հավաքը, ինչպես ենք ընկալում այդ հավաք հասկացությունը։ Հետևաբար, այդ հոդվածի վերլուծության ներքո «Արդարության» կուսակցության գործողությունը չի կարող դիտվել որպես հավաք»։
Նա նշեց, որ նույնիսկ արտակարգ իրավիճակների պայմաններում չի կարող սահմանափակվել հավաքների անցկացումը։ Ըստ միջազգային չափանիշների, կարող է հավաքներ կազմակերպել, եթե պահպանվում է քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը, իսկ այս դեպքում հասարակական վտանգավորություն ներկայացնող միջոցառում չի եղել։ Ռ Մարտիրոսյանն ասաց, որ քրեական գործի հարուցման մեջ նշված է միայն Դավիթ Գալստյանի անունը, չեն կարողանում պատկերացել, թե կոնկրետ ում նկատմամբ է հարուցվել, «բայց Դավիթի նկատմամբ հարուցվել է, դա միանշանակ է»։
Փաստաբանն ասաց, որ բողոքարկել են որոշումը, գտնում են քրեական գործի հարուցումն անհիմն է, անօրինական, ենթակա է վերացման, կուսակցությունը դիմել է Արցախի գլխավոր դատախազություն, գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության անդամների նկատմամբ։