Վանաձորի պետական համալսարանում սաունա է գործել
Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճներից մեկի ներքևում սաունա կա։ Այս մասին հայտարարել է համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդի նիստում։
«Ես կարող է լավ չզգամ նույնիսկ ինձ։ Ես փորձել եմ տարածքին ծանոթանալ, նկուղներին, տանիքներին։ Ես չգիտեմ, դուք տեղյակ եք, թե չէ, այն սրահում, որտեղ անցկացնում ենք նիստը, մեր ներքևի հարկում կա սաունա»,- ասել է ռեկտորը։
Նա նշել է, որ հոգաբարձուներին տեղեկացնում է, քանի որ դրանք կոռուպցիայի հետ կապված հարցեր են։
«Այո, կա սաունա, իր ջրավազանով, այն աշխատող է։ Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, դա ինձ համար անընդունելի է։ Ես չգիտեմ՝ ում համար է եղել, հարցը շատ խնդրահարույց է»,- նշել է ռեկտորը՝ բոլորին հրավիրելով սաունա, բայց տեսնելու։
ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է նաև կառուցվածքային փոփոխությունների փաթեթը՝ մանրամասն հիմնավորելով ակնկալվող արդյունքները: Հոգաբարձուների խորհուրդն այն հաստատել է (4 դեմ):
Օրակարգային 2-րդ հարցը ‹‹Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր: Ռ. Սահակյանը ներկայացրել է նաև հաստիքացուցակում կատարված փոփոխությունները:
Ներկայացված նոր հաստիքացուցակում որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկություններ են եղել խորհրդի անդամներ Է. Ալեքսանյանի և ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Թումանյանի կողմից: ՎՊՀ հաստիքացուցակը հաստատվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին