Կառավարությունը կանոնակարգում է ռազմական կամ արտակարգ դրությունից հետո հանրաքվեի անցկացման կարգը
Այսօրվա նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է սահմանել նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն դրնաց վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը:
Հաստատված նախագծում ամրագրված է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:
Օրենքի փոփոխության հիմնավորման մեջ ասվում է, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ, իսկ գործընթացը վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
Ըստ հիմնավորման, ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի:
Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Նախագծով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան