Տանտիրուհու պայուսակից գողություն կատարածին հարևանը բռնել էր
Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել: Ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արևշատ գյուղի տներից մեկը գող է մտել: Փորձել էին բռնել, բայց հանցամիտը փախել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնել է Արևշատ: Պարզվել է` ահազանգից րոպեներ առաջ ինչ-որ մեկը բացել էր նշված տան մուտքի դռան փականը, հյուրասենյակում տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ: Հարևանը նկատել էր, նույնիսկ բռնել, բայց կասկածյալին հաջողվել էր փախչել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին. արդյունքում պարզվեց, որ կողոպուտը կատարել է նախկինում դատապարտված, Արևշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ:
Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, կասկածվողը գյուղի գերեզմանատնից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա ներկայացվել է Արարատի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 38-ամյա տղամարդը կալանավորված է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: