Վազգեն Յակուբյան. Արցախում իրականացվող ՀԲԸՄ ծրագրերն ընդլայնման ներուժ ունեն
Ստեփանակերտում երեկ տեղի է ունեցել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Միության տարածած հաղորդագրության համաձայն, Վազգեն Յակուբյանը, փոխանցելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և Կենտրոնական վարչական ժողովի անդամների բարեմաղթանքները, կրկին անգամ շնորհավորեց Արայիկ Հարությունյանին համապետական ընտրություններում հաղթանակի և նախօրեին պաշտոնը ստանձնելու առթիվ։
Նախագահ Հարությունյանը կարևորել ու շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ ևս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերել ՀԲԸ Միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
Ներկայացնելով Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը` Վազգեն Յակուբյանը հավաստիացրել է, որ բոլոր ուղղություններով դրանք ընդլայնման ներուժ ունեն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել նոր հնարավորությունները։
Տեղեկություն Արցախում ՀԲԸՄ կողմից իրականացվող ծրագրերի մասին.
ՀԲԸՄ «Հուսո դաշտեր» ծրագիրն օգնում է ագրո-ձեռներեցներին, այդ թվում՝ սիրիահայ գյուղատնտեսներին շրջանառու փոխառությունների տրամադրմամբ՝ պետության կողմից հատկացված հողակտորների վրա ցանք կատարելու նպատակով: Նաև անվճար տրամադրվում են տրակտորներ և գյուղատնտեսական այլ սարքավորումներ:
ՀԲԸՄ «Ձիթենու այգիներ» ծրագրի շրջանակներում Արցախում 30 սիրիահայ ընտանիքի օժանդակություն է տրամադրվել երկրի հարավային շրջաններում տնկելու երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն ձիթենու ծառեր` բացելով Արցախում ձիթապտղի արդյունաբերության հեռանկարներ:
«Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալ հիմնավոր գիտելիքներ ձեռնարկատիրության բնագավառում և շարունակական աջակցություն սեփական բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար: Ծրագիրը ներառում է հավաստագրման դասընթացներ՝ ուղղված անգլերեն լեզվի իմացության կատարելագործմանը, ինչպես նաև հանրային կառավարման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Արցախի կամերային նվագախումբ. 2004 թվականից ի վեր 20 հոգուց բաղկացած այս նվագախումբը հռչակ է ձեռք բերել Արցախում, Հայաստանում և արտերկրում ՝ հանդես գալով բազմաթիվ հյուրախաղերով և դրանով իսկ բարձրացնելով Արցախի համբավը:
ՀԲԸՄ կանանց հզորացման նախաձեռնություն. Այս նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» ծրագիրը կոչված է աջակցություն ցուցաբերել փոքր բիզնես սկսելու կամ այն ընդլայնելու գործում՝ սկսած մասնագիտական բիզնես-վերապատրաստումից, փոքր դրամաշնորհներից մինչև փորձագիտական խորհրդատվություն, մենթորինգ, համագործակցության ցանցեր ձևավորելու հնարավորություններ:
ԹՈՒՄՈxՀԲԸՄ. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ծրագիր է, որը Ստեփանակերտում ամբողջովին ֆինանսավորվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին ետ չմնալ Հայաստանի և արտերկրի իրենց հասակակիցներից: