Հայաստանն Ադրբեջանի պատճառով արձանագրությունը ստորագրել է վերապահոմով
«Ադրբեջանի կողմից արձանագրության վերաբերյալ վերապահում ներկայացնելու կապակցությամբ Հայաստանի կողմից այն ստորագրվել է վերապահումով»,-Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը՝ ներկայացնելով «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ հարցը:
Ըստ ոստիկանության պետի տեղակալի, հայկական կողմի վերապահումը այն է, որ ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունք է:
Տիգրան Եսայանը տեղեկացրեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի (վերապահումով), Ադրբեջանի (վերապահումով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018թ. դեկտեմբերի 30-ից:
Ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության գործում, ինչպես նաև սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի և զենքի փոխանցման կարգ:
Արձանագրության շրջանակներում, ըստ ոստիկանության պետի տեղակալի, պետությունները համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է երկրների իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Դրանցով պետությունները պարտավորվում են միմյանց փոխանցել իրեղեն ապացույցներ՝ հարցում ուղարկող կողմի քրեական դատավարության ընթացքում օգտագործելու համար:
Եսայանը նշեց, որ հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացողը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:
«Յուրաքանչյուր Կողմ ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը և իրեղեն ապացույցների անվտանգությունը: Իրեղեն ապացույցների հասանելիության սահմանափակման աստիճանը որոշում է հարցում ուղարկող Կողմը»,- հայտնեց ոստիկանության պետի տեղակալը և հավելեց, որ արձանագրության կատարման ընթացքում երկրների ծախսերը կատարում են ինքնուրույն, եթե ամեն կոնկրետ դեպքի համար այլ կարգ չի համաձայնեցվում:
Տեղեկացնելով, որ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ արձանագրությունը չի պարունակում Հայաստանի օրենքներին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր՝ Տիգրան Եսայանը հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը հիմնավորված է համարում Արձանագրության վավերացումը:
Հանձնաժողովն արձանագրությունը ներառեց ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգ՝ վավերացման: