Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Քաբուլին՝ 2 հազար թալիբ ազատ արձակելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Քաբուլին` արմատական թալիբան շարժման 2000 կողմնակիցներին ազատ արձակելու Աֆղանստանի իշխանությունների նախաձեռնության համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին երկուշաբթի օրը Twitter-ում հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին:
Աֆղանստանի առաջնորդը գրել է, որ Պոմպեոն, իր և Աֆղանստանի ազգային հաշտեցման Գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել աֆղանական իշխանություններին մինչև 2 հազար թալիբի ազատ արձակման համարձակ գործընթացի համար:
Աֆղանստանի նախագահը հավելել է, որ Պոմպեոն շեշտել է Վաշինգտոնի ձգտումը երկարաժամկետ զինադադար հաստատելու և ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ:
Կիրակի օրը Գանին որպես բարի կամքի դրսևորում հրամայել էր բանտից ազատել թալիբների մոտ 2000 համակիրների՝ ի պատասխան նրանց կողմից Իդ ալ-Ֆիտրի մահմեդական տոնի ժամանակ հայտարարված զինադադարի: Աֆղանստանի նախագահը ողջունել է եռօրյա հրադադար հայտարարելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը և երկրի անվտանգության ուժերին հանձնարարել է պահպանել ժամանակավոր հրադադարի ռեժիմ:
Մայիսի 11-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել էին ձերբակալված թալիբ զինյալների ազատ արձակման գործընթացի ժամանակավոր դադարեցման մասին՝ «Թալիբան»-ի կողմից աֆղանական կառավարական ԶՈՒ-ի գերեվարված զինվորների փոխանակման ձգձգման պատճառով:
Ինչպես այն ժամանակ հայտարարել էր երկրի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, այդ ժամանակ «իշխանությունները բանտերից ազատել էին հազար թալիբ, մինչդեռ «Թալիբան»-ը իշխանություններին է հանձնել արմատականների կողմից գերեվարված 105 զինծառայողի:
Փետրվարի 29-ին Դոհայում խաղաղության համաձայնագիր է ստորագրվել ԱՄՆ-ի և թալիբների միջև: Համաձայնագրերով սահմանված է, որ միջաֆղանական բանակցությունները պետք է սկսվեին դեռ մարտի 10-ին: Ինչպես որոշվել էր, որպես վստահության ամրապնդման միջոցառում, միջաֆղանական բանակցությունները սկսվելուն պես «Թալիբան» շարժման մինչև 5,000 կողմնակից և արմատականների մոտ պահվող մինչև հազար զինվոր պետք է ազատ արձակվեին: