Կանաչապատման ՀՈԱԿ. Կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են
Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրինության հայտարարությունը.
«Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում:
Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով:
Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր և այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ակցիան էին իրականացնում. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ, երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել, այդ թվում նաև հղի աշխատակիցը։