Օրենսդրական փոփոխություններով կվերացվի ոստիկանների կաշկանդվածությունը. Անդրանիկ Քոչարյան
«Ոստիկանն իր կերպարով չի գնում պատվերի հետևից, ինքը գնում է իր իրավասության հետևից, գուցե, մի քիչ կաշկանդված»,-հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի նախնական քննարկման ժամանակ: Հանձնաժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունները տալու են այդ կաշկանդվածության հաղթահարման հնարավորություն:
Ըստ Քոչարյանի, ոստիկանությունն առաջին անգամ կունենա հնարավորություն հանդես գալու նոր համազգեստով, կերպարով, սպառազինությամբ և ինտելեկտով:
«Հասարակության հետ նրա շփումները կլինի անպիսին, որ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա, երբ ոստիկանն ասի՝ մի արա, այդ հրահանգից հետո չպետք է անի»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը և շեշտեց, որ այդ փոփոխությունների սկիզբը այսօր տալիս են հանձնաժողովում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ներկայացնելով նախագծերը, նշեց, որ դրանք բխում են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից: Որպես ռազմավարական ուղղություն է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը: Ըստ փոխնախարարի, նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է՝ կրթական համակարգի ներդրմամբ:
Փոխնախարարը հայտնեց, որ ռազմավարությամբ նախատեսված նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ կրթական ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին:
Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է, և երկրում չկան նրա փորձառուներ, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման կրթական ծրագրեր անցած նոր կադրերի նշանակման համար և համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով:
Նոր գործարկվող ծառայության կազմում նշանակումներն ապահովելու համար փաթեթով սահմանվում է, որ «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է Ոստիկանության պետի կողմից: Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան մրցույթների միջոցով:
Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունն առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, 2021 թվականի առաջին եռամսյակում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում:
Մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը, ըստ փոխնախարարի, հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները` համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների: Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար: Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ