«Այսօր մեզ դրած վիրավորում են, և մենք դատարան չենք դիմում». Գևորգ Պետրոսյան
«Այսօր մեզ դրած վիրավորում են, և մենք դատարան չենք դիմում ոչ այն պատճառով, որ դատարանի տեղը չգիտենք, կամ որ 4 հազար դրամ պետական տուրքի գումարը չունենք, այլ որ հասկանում ենք՝ տարիներով այդ դատավարությունը պետք է գնա»,- Աժ նիստում հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած օրինագիծը օրակարգում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ:
Պատգամավորը հայտնեց, որ դիմել է Դատական դեպարտամենտ և պատասխան ստացել, ըստ որի, միայն 1-ին ատյանի դատարանում նման գործերի քննարկումները 218 օր են տևում: Նախագծով առաջարկվում է նման դեպքերի համար դատական քննության ժամկետը կրճատել, որպեսզի մարդուն վիրավորելու, զրպարտելու դեպքում կարողանա կարճ ժամանակում իր իրավունքները պաշտպանել:
Գևորգ Պետրոսյանը պատգամավորներին հիշեցրեց՝ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ բարձրագույն արժեքը մարդն է և խնդրեց նախագիծն ընդգրկել օրակարգ՝ գոնե քննարկելու համար:
Անդրադառնալով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախորդ օրվա նիստից հետո արված հայտարարություններին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը բանսարկություն անվանեց տարածված լուրը, թե ինքը վիրավորել է դատավորին:
«Ընդամենն ասել եմ, որ պատասխանի մեջ հեքիաթային մաս կա: Կարծում եմ՝ «հեքիաթը» վիրավորանք չէ»,- նկատեց Պետրոսյանը:
Հանձնաժողովի անունից ելույթ ունենալով՝ պատգամավոր Արթուր Դավթյանը հայտնեց, որ չնայած ինքը կողմ է քվեարկել նախագծին, բայց ներկայացնում է հանձնաժողովի բացասական կարծիքը:
Վերջինս նշեց, որ քվեարկությանը մասնակցած 10 պատգամավորից 4-ը կողմ են եղել, 3-ը դեմ և 3-ը ձեռնպահ, ինչը նշանակում է, որ այն չի անցել:
Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ հանձնաժողովում կրկնակի քվերակություն է անցկացվել և առաջին քվերակությունից հետո 4 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայների դեպքում հայտարարվել է, որ հանձնաժողովը դրական կարծիք է տվել նախագծին:
«Չեք ուզում ընդունեք, ասեք՝ չենք ուզում: Առաջին քվեարկության ժամանակ հայտարարվում է որ կողմ ձայներ է ստացել, երկրորդ՝ վերաքվերակության ժամանակ չեն ընդունում»,- հայտարարեց Պետոսյանը:
«Որպեսզի հասկանալ, որ մեկ անգամ է եղել քվեարկությունը, պետք է մինչև վերջ մնալ դահլիճում»,- արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը:
Վերջինս ընդունեց, որ հանձնաժողովի քարտուղարությունը սխալ էր հաշվարկել ձայները և ասել էր, որ մեծամասնությունը կողմ է, այնուհետև պրիմիտիվ հաշվարկով պարզ է դարձել, որ 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չի կարող ընդունվի:
ԱԺ-ն 70 դեմ ձայներով նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ: