Եթե ես ԱԺ նախագահի՝ ինձ նախազգուշացում տալու որոշումը վիճարկեմ, իր համար հաճելի չի լինի. Գևորգ Պետրոսյան
«Հանձնաժողովում չկա մեկը, ով կարող է ինձ նկատողություն տալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ երեկ դիմակ չունենալու համար պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում իրեն նկատողություն են արել, սակայն այսօր ևս նա առանց դիմակի է ներկայացել ԱԺ նիստին։
Նա տեղեկացրեց, որ իրեն այսօր ԱԺ նախագահն է նկատողություն տվել, սակայն դա էլ րոպեական անհրաժեշտության որոշում էր։ Պատգամավորը վստահեցրեց, եթե ինքը այդ որոշումը վիճարկի, որոշումը կայացնողի համար հաճելի չի լինի։
«Բայց ամենամեծ դժբատխությունը գիտե՞ք ինչն է, որ էս երկրի բոլոր պրոբլեմները, իրավական խնդիրները թողած՝ կարևոր նախագիծ են մերժում, և իրենց համար կարևոր է, որ պատգամավորը ձևական դիմակ կրի։ Եթե այդքան մտածում են, թող նիստերը հեռահար անցկացնեն, սոցիալական հեռավորությունը չի պահվում, բայց ձևականություն են անում՝ թե դիմակ դրեք։ Կամ իրենք այստեղ-այնտեղ դիմակները հանած ման են գալիս, հետո տեսախցիկների առաջ դիմակով նկարվում են, դառնում են օրինապահ, մենք էլ օրինախա՞խտ։ Ամոթ է, ավելի լուրջ բանով կարելի է զբաղվել։ Հիմա ժողովուրդը ծիծաղում է այս ամենի վրա, ասում է՝ հլը նայեք, ինչով են սրանք ԱԺ-ում զբաղված»,- շեշտեց Գ. Պետրոսյանը։
Պատգամավորը կրկին նշեց՝ իշխանականները այստեղ-այնտեղ առանց դիմակ շրջում են, հետո խորհրդարանում դիմակ են հանգնում, կանգնում տեսախցիկների առաջ, որ օրինապահ երևան.
«Ես կարծում եմ, որ այդ դիմակ կրել-չկրելու արհեստական խնդիրները պետք է մի կողմ թողնել, և կառավարությունը պետք է մտածի, թե ինչ է խոստացել ժողովրդին, որ դա անի։ Ամեն պաշտոնյա օրը քսան անգամ դիմակից է խոսում, ու կառավարությունը մոռանում է իր անելիքը։ ԱԺ պատգամավորի հիմնական գործառույթը դիմակ կրե՞լն է։ Ամոթ է, էլի։ Որ ասում են՝ դիմակ չդնելով, ես վտանգում եմ պատգամավորներին, ես ընտանիք ունեմ, ես իմ երեխաներին չվնասեցի, եկա, պատգամավորներին վնասեցի՞»։
Գ. Պետրոսյանը շեշտեց, որ կառավարությունը որևէ գործառույթ լավ չի իրականացնում։ Նա նշեց, որ մեր երկրի կառավարությունը հարևան երկրների նկատմամբ առաջ է, բայց ոչ լավ իմաստով։
«Առաջ ենք վարակակիրների քանակով, առաջ ենք չբուժվածների ու մահվան դեպքերի քանակով։ Ամոթ է ուղղակի, իրենց ձևական արարողակարգերով ու միջոցառումներով կառավարությունում փորձում են ցույց տալ, որ հակահամաճարակային գործառույթներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է իմ դիմակ չկրելուն, ապա ես իմ անձնական հիգիենայով զբաղվում եմ, ու չեմ կրելու դիմակ։ Թող իրենք կրեն, իրենց համար ապահով լինի, երկար ապրեն, տեսնենք՝ վերջն ինչ է լինում։ Մի սուտ բանի համար ընդդիմադիր պատգամավորին նախազգուշացում են տալիս, բայց նիստերի դահլիճում իրար սպանում են, ոչ ոք նախազգուշացում չի ստանում։ Երկակի ստանդարտներից իրենք չկարողացան դուրս գալ»,- եզրափակեց խոսքը Գ. Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին