«Եթե այս ձևով շարունակենք և խնդիրները չլուծենք՝ անցանկալի լուրեր ենք ստանալու». Վահե Էնֆիաջյան
«Էրեբունի վարչական շրջանում բոլոր նախադրյալները կան համավարակի նոր տարածում ստանալու համար»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ նշեց Վահե Էնֆիաջյանը՝ նեկայացնելով Էրեբունի վարչական շրջանի հիմնախնդիրները, որոնք հավաքագրել էր բնակիչների դիմումներից:
Պատգամավորը նշեց, որ որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր ԱԺ ամբիոնից բազմիցս հայտարարել է վարչական շրջանի խնդիրների վերաբերյալ, բայց պատկան մարմինները ականջալուր չեն եղել: Ըստ պատգամավորի բերած տվյալների, Էրեբունի-Ջրաշեն փողոցի բնակիչներին առ այսօր 2 ժամով են ջրամատակարարում իրականացնում:
«Մեր օրերում սա խայտառակ իրականություն է»,- գնահատեց ԱԺ փոխխոսնակը:
Տեղեկացնելով, որ Էրեբունի 19/1 շենքի վերելակները օրվա գրեթե մեծ մասը չեն աշխատում և էրեբունի վարչական շրջանում դրանք ամենածայրահեղ վիճակում են գտնվում՝ պատգամավորը եզրակացրեց. «Եթե այս ձևով շարունակենք և խնդիրները չլուծենք՝ անցանկալի լուրեր ենք ստանալու»:
Պատգամավորը հայտարարեց, որ Վարդաշեն-Աճեմյան նրբանցքների կոյուղու խնդիրները ընդհանրապես լուծում չեն ստանում: Ըստ պատգամավորի, Վարդաշենի 4-րդ փողոցի 68/ա հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները զրկված են տարրական կենցաղային պայմաններից, նույն խնդիրները կան նաև Արցախի փողոցի վրա գտնվող հանրակացարանում:
Էնֆիաջյանը հայտարարեց, որ ամբողջ էրեբունի վարչական շրջանում բացակայում են տեղաշարժվելու սահմանափակ կարողություններ ունեցողների համար նախատեսված հարմարություները:
Իր խոսքի վերջում Վահե Էնֆիաջյանը շեշտեց, որ պատկան մարմինները պետք է ցույց տան իրենց մոտեցումները՝ որպես պետական քաղաքականություն և եթե այսօր չեն կարողանում լուծել ապա վաղը, մյուս օրը պետք է ծրագրավորված ներկայացնեն խնդիրների լուծման ժամանակացույցը: