Խմբակցություններին խորհրդարանական լսումներ անցկացնելու անսահմանափակ հնարավորություն չտրամադրվեց
«Առաջարկում ենք, որ խմբակցություններն իրավունք ունենան անսահմանափակ քանակով խորհրդարան լսումներ իրականացնել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ գործող օրենքով յուրաքանչյուր խմբակցություն կարող է ընդամենը մեկ անգամ խորհրդարանական լսումներ իրականացնել։
«Ավելին, գործող օրենքով խմբակցությունները կարող են լսումներ իրականացնել միայն այն հարցերով, որոնց կապակցությամբ այդ խմբակցության պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է իրականացրել։ Մենք առաջարկում ենք այս սահմանափակումը ևս հանել, որպեսզի խմբակցությունները ցանկացած խնդիր կարողանան բերել և լսումների առարկա դարձնել։ Մենք գտնում ենք, որ պառլամենտական մշակույթի զարգացման տեսանկյունից սա անհրաժեշտ քայլ է»,- ներկայացրեց Տ. Սիմոնյանը։
ԱԺ գլխադասային պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավով հայտնեց, որ լսումների քանակի հետ կապված ոդիսականը չի դադարում.
«Քննարկել ենք այս նախագիծը, փորձել ենք կոչ անել բոլոր խմբակցություններին ավելի ակտիվ լինել, նախաձեռնել լսումներ։ Ու մեր ընդդիմադիր գործընկերներից ոչ ոք չի կազմակերպել լսումներ՝ այդ թվում իրենց օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված»։
Պատգամավորը շեշտեց, որ խորհրդարանը չունի բավարար պրակտիկա՝ ասելու համար, որ առկա կանոնակարգումները թույլ չեն տալիս խմբակցություններին լսումներ իրականացնել։
«Այս պարագայում բերել ու հանել սահմանափակումները շատ վտանգավոր է, քանի որ, ըստ այս առաջարկի, իմ բերած օրենսդրական նախաձեռնության հետ կապված մեկ այլ խմբակցություն կարող է կազմակերպել խորհրդարանական լսումներ։ Այդ դեպքում մեծ քննադատությորւնների կարժանանա այն պատգամավորը, ով մեկ ուրիշի առաջ բերած օրենսդրական նախաձեռնության հիման վրա լսումներ կկազմակերպի»,- ասաց Վ. Վարդանյանը։
Նախագծին պետա-իրավական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտնեց, որ նախագիծը ողջունելի է, քանի որ խորհրդարանական լսումներ անցկացնելու սահմանափակումները խոչընդոտում են ավելի լայնածավալ գործունեություն ծավալելուն։
Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը օրակարգ չմտավ, դեմ էր 79 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում
- ԱԺ նիստը մեկնարկեց պատգամավորների դիմակ կրել-չկրելու դիսկուրսով