Դուք կարող եք զսպել ձեր մազրպետների իշխանությունը, և ձեր ախորժակը՝ որպես իշխանություն. Սամսոնյան
«Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում չի կայանում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով, այդ համակարգը չի կայանում՝ իր ինստիտուցիոնալ որակից ելնելով։
«Մենք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ձևավորման փորձ ունենք Երևանում, Գյումրիում, Վանաձորում, և այդ փորձից ելնելով, կարող ենք ասել, որ այդ համակարգը ավելի շահեկան է եղել համայնքի համար, քան վնասակար։ Մինչ օրս համայնքներում ղեկավարներ ընտրվել են հիմնականում այդ համայնքի հեղինակությունները, ովքեր նաև հորդորել են, որ իրենց մարդիկ առաջադրվեն ավագանի։ Եվ հասկանալի է, որ որևէ հավասարակշտման կամ փոխզիջման մեխանիզմ լինել չէր կարող»,- ներկայացրեց Ա. Սամսոնյանը։
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ համայնքներում ավագանու անդամները չեն ունեցել քաղաքական պատասխանատվություն. «Այս ընտրական համակարգը փոփոխելով՝ մենք սկիզբ ենք դնում նաև քաղաքական պատասխանատվության։ Ես չեմ հասկանում նաև մտահոգությունները կուսակցականացման վերաբերյալ, քանի որ շատերը խոսում են, որ ՀՀ-ում կուսակցությունները կայացած չեն, այո, դա ողջամիտ է, քանի որ մենք չենք ունեցել այնպիսի քաղաքական համակարգ, որը թույլ կտար կուսակցություններին կայանալ։ Բայց այդ կուսակցությունները պետք է կայանան ՀՀ ամբողջ տարածքում։ Եթե մինչև այսօր համայնքի ավագանին գիտի, որ ինքը այսինչ գերդաստանից է, և նորից կվերընտրվի, ապա համայնքային ավագանին կուսակցականացնելով՝ մենք կխուսափենք այդ խնդրից»։
Նրա խոսքով, նախկինում քաղաքական ուժերը մտնում էին համայնքներ, նրանց հետևից մտնում էին դիտարկողները, հետո մարդկանց հետ այդ ուժերը սկսում էին բացատրական աշխատանքներ տանել ու վախի մթնոլորտ ստեղծել, և այդպես որևէ քաղաքական ուժ որևէ տեղում չէր կարողանում հասնել հաջողության։
«Ես կարծում եմ, որ այս առումով, պարոն Պապիկյան, դուք կարող եք զսպել ձեր մազրպետների իշխանությունը, և ձեր ախորժակը՝ որպես իշխանություն»,- եզրափակեց խոսքը Ա. Սամսոնյանը։