«Քանաքեռ-Զեյթունի Կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա»
Կանաչապատման հիմնարկի նորաթուխ տնօրենը՝ Արա Աղայանը, ում պաշտոնավարման մեկ ամիսը նույնիսկ չի բոլորել, կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս, մունաթ է գալիս: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Երբ հիմնարկի տնօրենի մրցույթը երկու հոգի հաղթահարեց, արդեն գիտեինք՝ ով է նշանակվելու, Աղայանը քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է և նա էր անցնելու: Պարոն Աղայանը հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում է դիմումներ գրել, այդ թվում՝ հոգեբանական ճնշում է գործադրում, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, հետո միայն մտնել իր աշխատասենյակ, որի իրավունքն իհարկե չունի»,-հայտարարեց ավագանու անդամը, ապա հայտնեց, թե երեկ տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետը, երեկ հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա:
Ֆեյսբուքյան իր էջում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից հեռանալու մասին է տեղեկացնում նաև Արթուր Աղաբեկյանը: Նա մասնավորապես գրել է.
«Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին