Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը հաստատել է Կիբերանվտանգության ազգային գրասենյակի գլխավոր տնօրեն Իգալ Ուննան:
«Եթե չարամիտները կարողանային իրականացնել իրենց ծրագրերը, ապա կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում մեծ վնաս կհասցվեր քաղաքացիական անձանց և ջրի պակաս կունենայինք»,-հայտնել է «Associated Press»-ը՝ մեջբերելով թեմատիկ համաժողովում Ուննայի արած հայտարարությունը:
Նա պնդել է, որ այն առաջին կիբերհարձակումն է, որի նպատակը գործող օբյեկտի վնաս պատճառելն էր, այլ ոչ թե տեխնոլոգիայի և տվյալների գողությունը: Միևնույն ժամանակ, Ուննան չի մեկնաբանել հարձակմանը Իրանի հնարավոր ներգրավվածությանը, ոչ էլ իրանական նավահանգստի վրա պատասխան գրոհի մասին հարցին, որը վերագրվում է իսրայելական կողմին:
Մայիսի 18-ին, «The Washington Post»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրել էր Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում (Հորմոզգանի նահանգ) տեղակայված Շահիդ-Ռաջայի նավահանգստի վրա կատարված կիբերհարձակմանը հրեական պետության ներգրավվածության մասին: Հրապարակման համաձայն, հարձակումը պատասխան էր ապրիլի 24-ին Իսրայելում գյուղական ջրամատակարարման համակարգերի համար պատասխանատու համակարգչային համակարգի կոտրման փորձին:
Ինչպես նշում է Associated Press-ը, Իսրայելն ու Իրանը մի քանի տարի շարոնակ կիբերհարձակումների են ենթարկում միմյանց: Դրանցից ամենահայտնին Stuxnet վիրուսն էր, որի միջոցով 2010-ին հարձակում էր իրականացվել Նատանզիում գտնվող իրանական միջուկային օբյեկտի վրա:
Թեհրանը և արևմտյան մի շարք պարբերականներ պնդում էին, որ վիրուսի մշակման հետևում կանգնած են ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունները:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ
- ԵՄ-ն դատապարտում է Խամենեիի հակաիսրայելական սպառնալիքները
- Կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Իսրայելում ձևավորվեց ամենաուռճացված կառավարությունը․ Արմեն Պետրոսյան
- Պոմպեոն ութ ժամանոց այց է կատարել Իսրայել
- Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը
- Իսրայելի որոշ հյուրանոցների թույլատրել են հյուրերին ընդունել մայիսի 3-ից