Մհեր Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 15 հարցեր, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով՝ ստիպված ենք արձագանքել:
Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը:
Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը»։
Մհեր Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։