Զոհրաբ Մնացականյանն ու Ուենդի Մորթնին պատրաստակամ են նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական հարաբերություններին
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ:
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով:
Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ:
Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
«Տեսազանգի ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ