Անմեղության կանխավարկածի իրավունքը ոտնահարելը դառնում է օրինաչափություն. Սամսոնյան
«Քննչական մարմինները դատավարության կողմերին չեն ներկայացնում իրենց ամբողջական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն, կամ հրաժարվում են տրամադրել որոշ փաստաթղթեր»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ դատախազությունը չի կարողանում արդյունավետ դատախազական վերահսկողություն իրականացնել այս հարցերի կապակցությամբ, և ինչո՞ւ քննիչներին ցուցումներ չեն տրվում։
Պատասխանելով հնչած հարցերին՝ Ա. Դավթյանը նշեց, որ դատախազությունը նման յուրաքանչյուր դեպքում գործադրում է իր ունեցած ամբողջական գործիքակազմը։ Ըստ գլխավոր դատախազի՝ եթե բացահայտվում են ապօրինի որոշումներ, ապա դրանք վերացվում կամ ուժը կորցրած են հայտարարվում։
«Օրինակ, 2019 թվականի ընթացքում դատախազության կողմից հազարավոր ցուցումներ են տրվում նախաքննության կամ հետաքննության մարմիններին։ Անբարեխիղճ կամ խախտում թույլ տված մարմիններին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվում նրանց վերադասներին, ընդհուպ՝ հետաքննության ու նախաքննության մարմինենրի աշխատակիցների կողմից առերևույթ խախտումների վերաբերյալ հարուցվում է քրեական գործ»,- մեկնաբանեց գլխավոր դատախազը։
Ա. Սամսոնյանն էլ արձագանքեց՝ վերջին ժամանակներում լինում են հայտարարություններ, որոնք կարող են ոտնահարել մարդու անմեղության կանխավարկածի իրավունքը, և դա դառնում է օրինաչափություն. «Ես երբևէ չեմ լսել, որ գործի բազմակողմ քննության շահերից ելնելով՝ դուք անդրադառնաք դրան։ Բացի այդ, եղել ենք դեպքեր, երբ դուք ճնշումներ եք գործադրել ԶԼՄ-ների վրա՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար»։
Պատասխանելով Ա. Դավթյանն ասաց, որ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններին պետք է անդրադառնա դատարանը։
«ԶԼՄ-ների վերաբերյալ իմ կողմից երբևէ չի կարող ճնշում գործադրվել։ Մենք հարուցում և քննում ենք գործեր՝ նախաքննության գաղտնիքը քննելու վերաբերյալ։ Նախաքննական գաղտնիքը օրենքով պաշտպանվող ինստիտուտ է, իսկ եթե լրագրողի կոմից այդ գաղտնիքը բացահայտվում է, այլ բան, քան այդ տեղեկատվությունը տրամադրող օղակը բացահայտելը, չի կարող արվել»,- եզրափակեց խոսքը Ա. Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
- Պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծը պաշտոնական իրավունքի չարաշահման վկայություն է. Դավթյան
- Անի Սամսոնյան. Դուք կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք