Մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ կտնկվի. ՇՄՆ փոխնախարար
«Վերջին տվյալներով 1 մլն 950 հազար ուռենու կտրոն արդեն տնկված է և աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները:
Ըստ բանախոսի, ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքներ են իրականացվել նախապես նշված 6 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում և Կոտայքի բարձրադիր գոտիներում:
«Ինչո՞ւ են այս տարածքներն ընտրվել: Քանի որ տնկումների սեզոնի ավարտն էր, և այս առումով եղան քննադատություններ, բայց մենք հաշվի էինք առել այս հանգամանքը, դրա համար ընտրել ենք բարձրադիր գոտիները, որտեղ ծառերի վեգետացիա դեռ չէր սկսվել, որպեսզի ունենանք նորմալ արդյունք»,- հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը:
Վարդան Մելիքյանը, շեշտեց, որ աշխատողներ ներգրավելու առումով խնդիրներ չեն ունեցել և առաջիկայում ավելի մեծ թվով աշխատողներ կունենան, որովհետև նաև ցանկապատման աշխատանքներ են տարվելու:
Աշխատանքներում հիմնականում ընդգրկված են տարածքների համայնքների բնակիչները, սակայն կան նաև հեռավոր համայնքներից իրենց ավտոմեքենայով աշխատանքի ժամանողներ: Վերջիններս, ըստ փոխնախարարի, հնարավորություն են ունեցել օրվա կտրվածքով մինչև 10 հազար դրամ վաստակել:
Մինչև հունիսի 5-ը ծրագրի ծառատնկման հատվածը կավարտվի, 2 մլն կտրոնը տնկված կլինի և, ըստ Վարդան Մելիքյանի, ցանկապատման աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի վերջը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ բյուջեով նախատեսված է 400 մլն դրամից ավելի գումար, որի շրջանակներում աշնանը նույնպես իրականացվելու է ծառատունկ «Հայանտառ»-ի կողմից:
Աշնանային ծառատունկը իրականացվելու է անտառային հողերում և, ըստ փոխնախարարի, մոտ 1000 քաղաքացի կտնկեն կաղնի, հաճար, թեղի և այլ տեսակի տնկիներ: Բանախոսը հավաստիացրեց, որ մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ կտնկվի: