Չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. Նաիրա Զոհրաբյան
«Այս երկու օրը մենք տեսնում ենք շատ վտանգավոր, շատ անազնիվ մի տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնելով, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի և վարակակիրների վիճակագրությունը ահագնացող է:
Ըստ պատգամավորի, կառավարությունն այսօր բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել Հայաստանի քաղաքացու վրա: Նկատելով, որ քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ և պահպանի պարետատան կանոնները՝ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց՝ հասկանալ, թե ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանտու կառույցները:
«Արդյոք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին»,- հայտարարեց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ եթե պաշտոնյան մի օր կոչ է անում դիմակ կրել, հաջորդ օրն ասում է, որ պետք չէ, որովհետև դիմակ կրելը վնասակար է, կամ մի նախարարն ասում է, որ իր երեխային տանելու է դպրոց, որովհետև այս վարակը իր համար վարակ չէ, մյուսը ասում է, որ կորոնավիրուսը շատ ավելի թույլ է, քան գրիպի մյուս տեսակները, ապա քաղաքացին իրավունք ունի մոլորվելու իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններից:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք կանգնած ենք կատարյալ անկառավարելի քաոտիկ իրավիճակի եզրին»,- շեշտեց Զոհրաբյանը և կոչ արեց կառավարությանը մեղավորներ փնտրելու փոխարեն իր համար որոշում կայացնի մոբիլիզացնելու ողջ ներուժը:
Ըստ պատգամավորի հավաստիացման, բժիշկների մի խումբ ցանկանում է վարչապետի հետ հրատապ հանդիպում խնդրել, թեկուզ օնլայն՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքերը:
«Լսեք խելացի մարդկանց, մի մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք, որ դուք անքննելի եք, որ դուք անքննադատելի եք: Սա պատերազմ է հայտարարված բոլորիս, այստեղ շահողներ, հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, այստեղ պարտվելու է պետությունը, եթե մենք հիմա իսկապես չկարողանանք քաոսային անկառավարելի իրավիճակից միասնական ելք գտնել, բայց այդ ելքը չպետք է լինի մեղադրյալի աթոռին քաղաքացուն նստեցնելը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: