«Ձեր լեգիտիմ շահի նկատմամբ էլ ենք հարգանքով վերաբերվում, պարոն Դանիելյան ջան». Միրզոյան
«Պարոն Դանիելյան, կա այսպիսի մի չգրված ավանդույթ, գործադիրի մեր շատ հարգելի գործընկերները և գերատեսչությունների ղեկավարները, որպես կանոն ձեռնպահ են մնում ԱԺ կանոնակարգ օրենքի այն փոփոխությունների վերաբերյալ շատ ընդգծված դիրքորոշումներ արտահայտելուց, որոնք վերաբերում են ԱԺ աշխատանքների ներքին կազմակերպման գործընթացին»,- արդարադատության նախարարի տեղակալի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Մինչ այդ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, մի շարք անհամաձայնություններ հայտնեց:
Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի նախագահի խորհրդականի և խմբակցության նախագահների խորհրդականի հաստիքների ստեղծման դրույթին՝ փոխնախարարը նշեց. «Երբ կառավարությունը իր ծրագիրը հաստատում էր, որը հավանության է արժանացել նաև ԱԺ-ի կողմից, այնտեղ արձանագրված է, որ մենք ունենք պետական ուռճացված համակարգ և նաև նպատակ ենք դրել, որ ճկուն ծախսարդյունավետ, դինամիկ և մրցունակ պետական կառավարման համակարգ ստեղծել, ինչը ենթադրում է ֆունկցիաների կրկնության բացառում»:
Փոխնախարարը տեսավ, որ հաստիքների կրկնություն կա և նշեց, որ իրենց կարծիքով այդ հաստիքների ստեղծումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Դանիելյանը պնդեց, որ այն խնդրահարույց է հատկապես համաճարակի պայմաններում պետական բյուջեի միջոցների հնարավոր մուտքերի նվազման, ինչպես նաև ծախսերի առաջնահերթությունների փոփոխության առումով:
Վահե Դանիելյանը խնդրահարույց համարեց նաև աշխատավարձի բարձր՝ 6 գործակցի սահմանումը. «Պետական քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ աշխատավաձերը պետք է համապատասխանեն գործառույթներին և պատասխանատվությանը, այլապես, եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, որ բարձր աշխատավարձով մասնավոր հատվածից ավելի մրցունակ կադրեր բերել, ապա ցանկացած պաշտոնյայի կամ հաստիքի համար հնարավոր է ավելի բարձր գործակից սահմանել»:
«Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգի վերաբերյալ ուռճացվածության դատողություններին՝ բյուջեի, ստեղծված այլ հանգամանքների, մանրազննին վերլուծությունը կարելի է սկսել և սկսել այլ գերատեսչություններից»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը և նկատեց, որ խորհրդարանն ընդգծված հարգանքով է վերաբերում փոխնախարարի մասնագիտական դիրքորոշմանը և բավականին ջերմ վերաբերմունք ունի նաև անձնապես:
Օրենքի նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց, որ ոչ մի երկրում գործադիրն ուրախությամբ չի ընդունում իր նկատմամբ խորհրդարանի վերահսկողական լծակների ընդլայնման նախաձեռնությունները:
«Մենք լեգիտիմ շահ ունենք ներկայացնելու մեր դիքորոշումը»,- արձագանքեց արդարադատության փոխնախարարը:
«Ձեր լեգիտիմ շահի նկատմամբ էլ ենք հարգանքով վերաբերվում, պարոն Դանիելյան ջան»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ