Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը
Կյանքի 87-րդ տարում մահացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող և հանրային գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է artsakhpress-ը:
Նա 1960-ականներին Արցախում սկզբնավորված ազգային զարթոնքի մունտեիկներից էր, հայտնի 13-ի նամակի փաստացի հեղինակը: Երկար տարիներ աշխատել է մարզային ռադիոյում՝ որպես գլխավոր խմբագիր:1988-ին նշանակվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր:
Այդ տարիներին թերթը համահայկական հեղինակություն էր վայելում:
Ղեկավարել է նորանկախ Արցախի Լրատվության և մամուլի դեպարտամենտը, այնուհետև կրկին խմբագրել հանրապետական թերթը: Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի Հանրային հեռուստառադիոյի խորհրդի առաջին նախագահն էր: Մեծ է նրա ավանդն Արցախում մամուլի կայացման գործում: Մաքսիմ Հովհաննիսյանը պատմվածքների և վիպակների մի քանի ժողովածուի հեղինակ է: Նրան գրական հռչակ են բերել «Արցախ իմ, ցավ իմ» «Տերունական աղոթք» «Ամարասի զանգերը» պատումները:
Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Չաստվածների խնջույքը» խոհա-փիլիսոփայական մանրապատումների շարքը: Մաքսիմ Հովհաննիսյանի մահը ծանր կորուստ է Արցախի և հայկական իրականության համար: