Ես ենթադրում եմ, որ լինելու է մի իրավիճակ, երբ 24 ժամ մնալու ենք ԱԺ-ում. Սիմոնյան
«Զարմանում եմ, որ հարցեր են հնչում, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի փողերն ինչ են եղել»,- խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումներին։
Նրա խոսքով, իշխանության որևէ գործողություն առիթ չի տվել որևէ պարագայում նման տոնով հարց հնչեցնել, թե ուր են գնում այդ գումարները։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց էր բարձրացրել, թե ուր են գնում հիմնադրամի գումարները, եթե Նոյեմբերյանից բժիշկներն ահազանգում են՝ իրենք ջերմում են, բայց չեն թեստավորվում, և այդպես ջերմելով գնում են հիվանդներին առաջին բուժօգնություն տրամադրելու։
Անդրադառնալով իշխանական խմբակցության ներկայացրած և առաջին ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի երկրորդ ընթերցմամբ ընդունումը հենց իշխանության կողմից էլ մերժվեց՝ պատգամավորն ասաց, որ այդտեղ մեղքի իր բաժինն ունի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հնչած քննադատությունները մեծամասամբ տեղին էին։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ինքնամեկուսացված և մեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել, եթե նրանք աշխատավարձ կամ այլ համարժեք միջոց չեն ստանում և չեն խախտում ինքնամեկուսացման ռեժիմը։
«Մենք պետք է գիտակցենք, թե ինչ պատասխանատվություն կա մեր վրա։ Ես ենթադրում եմ, որ լինելու է մի իրավիճակ, երբ 24 ժամ մնալու ենք ԱԺ-ում, քանի որ իրավիճակն իր փոփոխություններով անընդհատ ինչ-որ հարցեր է բարձրացնելու, որ պետք է միասնական լուծումներ տանք»,- եզրափակեց խոսքը Ա. Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմության մասին խոսելու փոխարեն պետք է գործ անել. Մարուքյան
- Նոյեմբերյանի բժիշկները վարակված են և ջերմությամբ գնում են բուժօգնություն տրամադրելու. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց