Ընդդիմության մասին խոսելու փոխարեն պետք է գործ անել. Մարուքյան
«Այսօրվա իրավիճակը թողած, իշխանությունն ընդդիմության մասին է խոսում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, պետք է ընդդիմության մասին խոսելու փոխարեն գործ անել։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին՝ Է. Մարուքյանն ասաց, որ դեռ երկու ամիս առաջ ընդդիմությունը տարբեր առաջարկներ է ներկայացրել.
«Ես կարող եմ արձանագրել, որ ընդդիմադիր երկու ֆրակցիաների որևէ առաջարկ չի ընդունվել, և մեզ ասվել է՝ ներկայացված առաջարկը լավն է, բայց հետո կնայենք։ Այնուամենայնիվ, որևէ առաջարկ չի ընդունվել։ Հիմա ամեն ինչ արվել է ձեր առաջարկով ու պլանով։ Այս պահին ինչ կա, ձեր ասածներով է արվել, ի՞նչ եք ուզում ընդդիմությունից։ Ով եկավ, ընդդիմությունից խոսեց։ Ի՞նչ կա, ընդդիմության հետ ի՞նչ կա։ Ունենք շատ վատ վիճակ, վատ տվյալներ։ Այո, ընդդիմությունն օրինակ, տվել է հազար առաջարկ, բայց չեն ընդունվել դրանք։ Իշխանությունն ամեն ինչ արել է իր ուզածով, և հիմա կա այն, ինչ կա»,- շեշտեց Է. Մարուքյանը։
Անդրադառնալով իշխանական խմբակցության կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որի երկրորդ ընթերցմամբ ընդունումը հենց իշխանության կողմից էլ մերժվեց՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը կողմ էր այդ նախագծին։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ինքնամեկուսացված և մեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել, եթե նրանք աշխատավարձ կամ այլ համարժեք միջոց չեն ստանում և չեն խախտում ինքնամեկուսացման ռեժիմը։
«Հիմա մենք ասում ենք՝ սիրելի գործընկերներ, շատ կարևոր է, որ օրենքի նախագիծն այսօր ընդունենք։ Բայց իշխանությունն ասում է՝ ընդդիմությունն ուզում է, որ նախագիծն ընդունվի, բայց այստեղ հաշվարկներ կան, որոնք դեռ չեն արվել։ Մենք վատ նախադեպեր ունենք, որ նախագծերը տանում խորը թաղում են։ Այս է մեր ասածը»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ