Արցախի խորհրդարանն ընդունել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին խորհրդարանում ընդունել է կրթության, գիտության մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն իր և հանձնաժողովի բոլոր անդամների անունից, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոլորտների զարգացման հարցերում և անհրաժեշտության դեպքում՝ նպաստել օրենսդրական դաշտի բարելավմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշել է, որ ինքը ևս ակնկալում է մասնագիտական հանձնաժողովի հետ սերտ համագործակցություն և հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աջակցություն:
«Լուսինե Ղարախանյանը նաև ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները՝ բնագիտական առարկաների ուսուցման, առցանց համակարգերի ներդնման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են COVID-19 համավարակի պայմաններում հեռավար դասընթացների կազմակերպման արդյունավետությանը, տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերից ներդնվող ուսուցման անվճար համակարգի առանձնահատկություններին»,- ասվում է հաղորդագրությունում: