«2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել». ոստիկանապետ
«2019թ. ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը»,- ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվող 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ի համար նախատեսված է եղել 32.8 մլրդ դրամ, ճշտման արդյունքում ծրագիրը կազմել է 34.1 մլրդ դրամ և փաստացի օգտագործվել է 33.7 մլրդ դրամ:
Նիստում որոշում կայացվեց հաշվետվություն ներկայացնելու հնարավորությունն առաջինը տալ ոստիկանապետ Արման Սարգսյանին։
Ըստ նրա, ոստիկանության համար վարձատրության առումով 2019թ եղել է ավելի արդյունավետ, կառույցին հատկացված 47,4 միլիարդ դրամն աշխատավարձերն են եղել:
Ըստ ոստիկանության պետի, այն հնարավոր է եղել ապահովել պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրությունների միջոցով:
Ոստիկանությունում նախորդ տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, որը, ըստ Արման Սարգսյանի, 2017 և 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով:
«Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8.8 տոկոսով կամ 2172 դեպքով»,- հայտնեց ոստիկանապետը՝ նկատելով, որ հանցագործությունների ընդհանուր թիվը կազմում է 26 850 դեպք:
Վերջինիս խոսքով, աճը պայմանավորված է եղել գողությունների , ճանապարհային երթևեկության կանոների խախտման և թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների թվերի աճով:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել:
«Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում»,- հայտնեց Արման Սարգսյանը և հավելեց, որ դրանցից բացահայտվել է պետությանը, ֆիզիկական և իրավաբանակ անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 մլն ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս:
Ոստիկանապետի խոսքով լրացուցիչ միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ վերականգնվել է 652 միլիարդ դրամ և շեշտեց, որ այդ տվյալները միայն ոստիկանության մասով են: