Վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները`դիմակների օգտագործման վերաբերյալ, և կոչ է անում դրանք կրել միայն հասարակական տրանսպորտում և խանութներում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքը:
Նախկինում ԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ դիմակներ կրել խորհուրդ է տրվում միայն կորոնավիրուսով վարակվածներին։
«Առանձնացված ապացույցների լույսի ներքո՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բնակչությանը դիմակներ օգտագործել բոլոր այն վայրերում, որտեղ առկա է վիրուսի լայն տարածում, և սոցիալական հեռավորություն պահելը դժվար է, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում»,- ասել է Գեբրեյեսուսը:
Քրոնիկ հիվանդություններով տառապող և 60 տարեկանից բարձր տարիքային խմբում գտնվող մարդկանց ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ օգտագործել բոլոր այն վայրերում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելը հնարավոր չէ: Դիմակ կրելու խորհուրդ է տրվում նաև բոլոր բուժաշխատողներին՝ անկախ նրանից, նրանք կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ գործ ունե՞ն, թե՞՝ ոչ։
ԱՀԿ-ի առաջարկություններում ընդգծվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի առնվազն երեք շերտ: