Մենք մտել ենք դժոխք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել. վարչապետ
«Ես չէի կարող մտածել, որ մեր երկրում այդքան հորդորներից ու միջոցառումներից հետո կարող են լուրեր տարածվել, որ կորոնավիրուս չկա»,- այսօր պարետատան հերթական նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր հենց այդ լուրի պտուղներն ենք մենք քաղում։ Ըստ վարչապետի, ամեն օր շատ առատ բերք է հավաքվում այն լուրերի հետևանքով, որ ասվում է՝ կորոնավիրուս չկա, սուտ է այս ամենը, սարքած է, ու կառավարությունը թվեր է հրապարակում, որ օգնություն ուզի. «Թե չէ մեր կառավարությունն էլ այդպես օգնություն ուզող կառավարություն է, եթե օգնության կարիքը չլինի»։
Ն. Փաշինյանը չհերքեց, որ շատ բաներ կորոնավիրուսի մասին նոր է իմանում կառավարությունը, և շատ ավելի լավ կլիներ, որ հասարակության վերաբերմունքի մասին ինֆորմացիան ավելի շուտ հասանելի դառնար։
«Չնայած երևի այն ժամանակ էլ այս նույն խոսակցություններն էին լինելու։ Եթե դրանք այն ժամանակ օգուտ տային, պետք է որ հիմա էլ ունենան այդ օգուտը։ Ես ասում եմ՝ մենք մտել ենք դժոխք, բայց դեռ հումանիտար աղետի չենք հասել։ Մենք կարող ենք այդ դժոխքի միջով անցնել, և պիտի անցնենք, քանի որ արդեն մտել ենք ու այլ տարբերակ չունենք, բայց առանց հումանիտար աղետի»,- շեշտեց վարչապետը։
Նա շեշտեց, որ այս ընթացքում արվել է ավելին, քան հնարավոր էր. կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել թվով ինը բժշկական հաստատություններում, որոնցից հինգը Երևանում և չորսը՝ մարզերում։ Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և սպասարկում են պացիենտներին։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախագծվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ։
«Այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տիրաժ՝ ընդունման և ախտորոշման կենտրոն՝ այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի հիման վրա։ Նոր կենտրոնն այսօր ունի 65 մահճակալ և 9 վերակենդանացման մահճակալ, մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ»,- ներկայացրեց վարչապետը։
Նա շեշտեց, որ այսպիսի տեմպով հիվանդության տարածման դեպքում երբեք չեն կարող մահճակալները բավարարել։
«Իրավիճակի բարելավման համար կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, դեռ կանի ավելին, քան իրենից կախված է, բայց շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, մեկ մարդու դիրքորոշումը, մեկ մարդու վարքագիծը, և այդ մեկ մարդը դու ես, սիրելի հայրենակից»,- եզրափակեց խոսքը վարչապետ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել