Պարետի որոշումը՝ Ձորագյուղում սահմանափակումների վերաբերյալ
Այսօր ժամը 18:00-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը սահմանվելու է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
Որոշման մեջ մասնավորապես նշված է
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի,
վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Ձորագյուղ համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Ձորագյուղ համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
2. Սահմանել Ձորագյուղ համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները։
Որոշման համաձայն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն ամբողջությամբ թույլատրվում է:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ բնակիչներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն կա կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: