Ի՞նչ ասելիք ունի Հայաստանը տիեզերական բնագավառում
Թյուր կարծիք կա, որ տիեզերական գործունեությամբ զբաղվում են միայն հզոր և խոշոր պետությունները: Այսօր շատ երկրներ զբաղվում են այդ գործունեությամբ,ներառյալ մեր հարևան երկրները: Իսկ օրինակ աֆրիկյան երկրներում ստեղծված տիեզերական գործակալություններից շատերը ստեղծվել են վերջին տասը տարվա ընթացքում: Ի դեպ , այդ երկրների մեծ մասում շնչին ընկնող ՀՆԱ-ն շատ ավելի ցածր է,քան Հայաստանում: Տիեզերական տնտեսությունը կայուն աճ է ապահովում և չի տատանվել նույնիսկ ճգնաժամերի ընթացքում: Տիեզերական գործունեությունից ստացած օգուտները, ինչպես նշում են մասնագետները, մեծ են:
Տիեզերական գործունեությունը միայն հրթիռ նախագծելը և տիեզերք ուղարկելը չէ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ԱՅԱՍ» տիեզերական ընկերություն ՀԿ անդամ, ճարտարագետ Տիգրան Շահվերդյանը: Ի դեպ, նա նաև որը զբաղվել է տիեզերական ֆիզիկայով և մասնակցել է լուսագնացի նախագծման աշխատանքներին:
Նրա և կազմակերպության այլ անդամների կարծիքով Հայաստանը կարող է մեծ օգուտներ քաղել տիեզերական գործունեությունից զարգացնելով ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը մի քանի ենթաբնագավառներում, օրինակ՝ նանոարբայնակների ու բարձրմթնոլորտային հարթակների նախագծում և կիրառում, երկրադիտական պատկերների մշակում, իսկ միջնաժամկետ հորիզոնում՝ միկրոարբայկաների, փոքր հրթիռների, տարատեսակ տիեզերական ռոբոտների նախագծում և կիրառում: Նրա խոսքով՝ տիեզերական ռոբոտների տեսակներից մեկը դա ուղեծրային սպասարկող արբանյակ-ռոբոտներն են, որոնք կարող են սպասարկել Երկրի ուղեծրում գտնվող արբանյակներին, ինչպես նաև օգտագործվել տիեզերական բեկորները կամ այսպես կոչված «տիեզերական աղբը» մաքրելու համար:
Նրա խոսքով ՝ հնարավոր է ռոբոտաշինության և տիեզերական ուսումնասիրության ոլորտային աշխատանքները համադրելով ստեղծել նորույթ , որը պիտանի գործ կլինի , օրինակ՝ տիրեզերական աղբը մաքրելու առումով:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «տիեզերական աղբը»:
«1957թ-ից սկսած մեր քաղաքակրթությունը շատ արբանյակներ է բաց թողնում տիեզերք: Արդյունքում ՝ երկրի ուղեծրի վրա մնում են բազմաթիվ արբանյակների կամ հրթիռների մասեր,որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Նրանք շատ մեծ արագությամբ են շարժվում՝ 8կմ/վրկ ցածր ուղեծրի դեպքում, սա ահռելի արագություն է,որը վտանգում է այսօրվա գործող տիեզերական ենթակառուցվածքներն ու գործող արբանյակնների կյանքը»,-ասաց Շահվերդյանը:
Նրա խոսքով ՝ խնդիրը նրանում է, որ մեծ բեկորները ,որոնք 10 սմ-ից մեծ են, հնարավոր է Երկրից գրանցել և հետևել դրանց շարժին: Սակայն դրանցից փոքր բեկորները Երկրից գրանցելը շատ ավելի բարդ է գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով:
«Եթե այդ փոքր մասնիկը բախվում է արբանյակին, կարող է նույնիսկ կանգնեցնել նրա աշխատանքը, քանի որ մեծ արագությամբ են շարժվում և կարող են վնասել սարքի կրիտիկական ենթահամակարգերը»,- մանրամասնեց երիտասարդ մասնագետն ու հավելեց.
«Մարդածին փոքր բեկորները հիմնականում առաջանում են մեծ կտորների պայթյուններից կամ բախումներից: Այդ պատճառով շատ կարևոր է երկարացնել աշխատող արբանյակների կյանքը և կյանքի վերջում հեռացնել նրանց ուղեծրից»:
Սա գլոբալ խնդիր է, որի մասին մտորում են աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում ևս հնարավոր է ստեղծել այս ուղղությամբ զբաղվող մասնագետների խումբ, որոնք նոր ասելիք ունենք այս զարգացող բնագավառում: Տիգրան Շահվերդյանի դիտարկմամբ ՝ տիեզերական արբանյակների կյանքը երկարացնելու տարբերակներ կան: Այս տարի ամերիկյան MEV-1 ուղեծրային սպասարկող արբանյակը առաջին անգամ հաջողությամբ կցվեց այլ արբանյակի և ետ բերեց նրան աշխատանքային ուղեծիր: Կանխատեսվում է, որ այդպիսով արբանյակը կծառայի ևս հինգ տարի:
«Եթե այդ փոքր մասնիկը բախվում է արբանյակին, կարող է նույնիսկ կանգնեցնել նրա աշխատանքը, քանի որ մեծ արագությամբ են շարժվում և կարող են վնասել սարքի կրիտիկական ենթահամակարգերը»,- մանրամասնեց երիտասարդ մասնագետը:
Մարդածին փոքր բեկորները հիմնականում առաջանում են մեծ կտորների պայթյուններից կամ բախումներից: Այդ պատճառով շատ կարևոր է երկարացնել աշխատող արբանյակների կյանքը և կյանքի վերջում հեռացնել նրանց ուղեծրից:
Առհասարակ աշխարհում ուսումնասիրվում է տիեզերքի մանր աղբը հավաքելու տարբերակներ ևս, մասնավորապես՝ տիեզերքում ցանցեր բացել համեմատաբար մանր բեկորները հավաքելու համար:
Մասնագետի կարծիքով՝ Հայաստանում նույնպես հնարավոր է զբաղվել տիեզերական գործունեությամբ, ստեղծել տիեզերական կիրառության ենթահամակարգեր և ծառայություններ ու դրանք արտահանել:
Նման հնարավորություններ Հայաստանում կան՝ կա ստեղծարար միտք և աշխարհին նոր տեխնոլոգիաներով ու ապրանքներով ներկայանալու ցանկություն: Այստեղ մնում է պետական ծրագրի ու քաղաքական կամքի առկայությունը…