Արցախում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու որոշում է կայացվել
Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է. «Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն այս պահի դրությամբ նախատեսված մեկուսացման վայրերում և բուժհիմնարկներում 28 հաստատված դեպք ունենք: Մարտի 2-ից ԱՀ-ից ՀՀ ուղարկվել է 1131 փորձանմուշ և այս պահին ընդհանուր 73 մեկուսացված քաղաքացիներ ունենք»:
Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված հիմնական դեպքերով հիվանդները գտնվել են բուժհիմնարկներում, սակայն դեպքերի ավելացման հետ մեկտեղ ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու և մահճակալային ֆոնդերը հնարավորինս ազատելու որոշում է կայացվել:
Այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանումներ է տվել համավարակի հնարավոր զարգացման պարագայում մշակված սցենարների, բուժանձնակազմի առցանց վերապատրաստման, այս օրերին քաղաքացիների՝ բուժհիմնարկներ դիմելու սահմանափակումներին վերաբերող հարցերին:
Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում: Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են:
Պատասխանելով պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին նախարարը հավաստիացրել է. «10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ»:
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները, որոնք կարող են դրական անդրադառնալ կորոնավիրուսի նկատմամբ հանրային ընկալումների վրա: Պարետը նշել է, որ համավարակի շուրջ ձևավորված թյուր ըմբռնումները խոչընդոտում են հակահամաճարակային իրավիճակի վերահսկմանն ուղված պետական միջոցառումների արդյունավետությանը՝ բարձր գնահատելով այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը:
Խորհրդարանականները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում նոր խստացումների անհրաժեշտության, մեկուսացման վայրերի, վարակի հետագա տարածման դեպքում պատրաստականության աստիճանի և մի շարք այլ խնդիրների մասին հարցեր ու առաջարկություններ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծանր է
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի
- Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ