Մհեր Դավիդյանց. Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը
«Վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը»,- պարետատան նիստից հետո ասուլիսում ասաց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Նա նշեց, որ եթե փետրվար-մարտ ամիսներին ունենում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։
«Կարևոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության։ Ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են ու ունենում ենք մահճակալային ֆոնդի խնդիրներ»,- ասաց նա։
Մ. Դավիդյանցը նշեց, որ իրենք 4 ամիս շարունակ աշխատում են առանց հանգստի, կտրվել են ընտանիքներից ու բացառապես ողջ օրն անցկացնում են հիվանդանոցում ամբողջ թիմով։
Նա խնդրեց քաղաքացիներին օգնել բուժաշխատողներին. «Չորս ամիս մենք մենք բոլորս առանց տրտնջալու աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել։ Ողջ կոլեկտիվին ասել եմ՝ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն դուք էլ պետք է օգնեք մեզ։ Պահպանեք հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրեք դիմակներ, խիստ սահմանափակեք շփումները, հաճախակի լվացեք ձեռքերը, պահեք սոցիալական հեռավարություն։
Դուք ձեր պահվածքով օգնելու եք մեզ բոլորս, քանի որ այս 4 ամիսներին ողջ բուժանձնակազմը կատարում է մեծ, ֆիզիկական, ինչու չէ նաև հոգեկան ծանր աշխատանք։ Հավատացեք՝ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, մահվան դեպքերի, չի կարող դա չանդրադառնալ բուժաշխատողի վրա»։
Մ. Դավիդյանից խոսքից ավարտից հետո ասուլիսին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Պարոն Դավիդյանց, թերևս լարվածությունից, դուք ասացիք հունվար-փետրվար, բայց արձանագրենք, որ առաջին կորոնավիրուսային դեպքը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին, դրանից առաջ կորոնավիրուսի դեպք չենք ունեցել»։
Ասուլիսին ներկա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանն ասաց, որ իրենք ծառայություն են իրականացնում ողջ օրը։
«Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը։ Լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ուզում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր երիտասարդության շրջանում, փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չկատարել, սակայն պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ արհեստական լարվածություն ստեղծելն է։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, հատկապես երիտասարդներին, պահապնել իրավական ռեժիմը, կրել դիմակներ»,- ասաց Վ.Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, բայց մյուս կողմից կա հանրային շահ.Փաշինյան
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ