Դուք ամբողջությամբ ձախողել եք ծրագիրը. Սամսոնյանը՝ նախարարին
«Տիկի՛ն Սամսոնյան, ոչինչ չեմ ձախողել»,- խորհրդարանում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։
Վերջինս նշել էր, թե ներդրումների և արտահանման խթանման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են շուրջ 882.8 մլն դրամի ծախսեր՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 18.9%-ը, և թերակատարվել է մոտ 81%-ը. «Կարծում եմ՝ ծրագիրն ամբողջությամբ դուք ձախողել եք, ուզում են իմանալ՝ ինչո՞ւ։ Հատկապես, որ ներդրումները կառավարության գերակա օրակարգերից են»։
Տ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի պետական բյուջեում նախատեսված էր օգտագործել համաշխարհային բանկի մեկ վարկային ծրագիր, և վերջնական պայմանավորվածությունների փաթեթը նոյեմբերին է համաձայնեցվել համաշխարհային բանկի հետ։
«Եվ կատարումն ընկել է 2020 թվական։ Ծրագիրը երկու խոշոր բաղադրիչ ունի՝ թվով երկու լաբորատորիաներ, որոնք Չափագիտության ինստիտուտին են վերաբերում, այն պետք է վերազինվի, այստեղ կա նաև շենքի նորոգման բաղադիչ։ Ընդ որում մենք եկել ենք հետաքրքիր լուծման, և այն 800 մլն դրամը, որ պետք է նախատեսվեր շենքի նորոգման համար, հիմա գուցե կարողանանք տնտեսել՝ մեկ այլ շենքային տարածք օգտագործելու շնորհիվ։ Եվ լաբորատորիաները սարքավորումներով այս տարվա ընթացքում կվերազինվեն։ Մեկի մրցույթն արդեն կայացել է։ Իսկ երկրորդ բաղադրիչը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը։ Այսինքն՝ ծրագրերը ոչ թե ձախողել ենք, այլ չենք հասցրել իրագործել 2019-ին»,- պատասխանեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականը լինելու է կորցրածը վերականգնելու տարի. նախարար
- Ատոմ Ջանջուղազյանն առաջարկում է եկամտահարկից չֆինանսավորել Երևանի որոշ գոտիներում բնակարանների հիպոթեքային վարկերը