Այս պահին ունենք 976 փակված հանրային սսնդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ.Գ.Ավետիսյան
Մարտի 19-ից սկսած իրականացրել են 13067 շրջայցեր, ստուգումներ և դիտարկումներ: Կազմվել է 1015 արձանագրություն: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Այս պահին ունենք 976 փակված հանրային սսնդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ: Ուրախացնողն այն է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրել ենք 4000 շրջայց, որից միայն 1000-ի դեպքում ենք արձանգրություն կազմել: Այսինքն՝ կա տենդենս,որ տնտեսվարողները, հանրային սննդի կետերի ղեկավարնելը, անսալով մեր կոչին, իրականացնում են հակահամաճարակային միջոցառումները»:
Ինչ վերաբերում է արձանագրված խախտումներին, ապա Ավետիսյանը տեղեկացրեց.
«Չեն պահպանվում հաճախորդների միջև առնվազն 1,5 մետր հեռավորությունը, հաճախորդներին մատուցում են նարգիլե, որը խստիվ արգելվում է,աշխատակիցները դիմակը կրում են սխալ՝ չծածկելով քիթը, սեղանների վրա բացակայում են ախտահանիչ նյութերը, չի իրականացվում հաճախորդների և աշխատողների ջերմաչափում, չեն վարվում ջերմաչափման տվյալների գրանցման համար մատյաններ, տեսանելի վայրում փակցված չեն իրազեկման պաստառները և այլն»:
Ավետիսյանը նաև շեշտեց, բոլոր այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի հակահամաճարակային կանոնները , կենթարկվեն տույժի: