Նախագահ Թրամփ. ԱՄՆ-ը կրկին չի փակվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հունիսի 17-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները այլևս չեն փակելու երկիրը` չնայած մի քանի նահանգներ հաղորդել են կորոնավիրուսային վարակների աճի մասին: Նախագահ Թրամփի հայտարարությունը, Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, հնչել է Fox News հեռուստաալիքի հարցազրույցում:
Թրամփի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն և գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինն ընդգծել են, որ Միացյալ Նահանգներում տնտեսությունը չի կարող կրկին փակվել:
Թրամփը նաև մեկնաբանել է իր ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հակասական գիրքը՝ ասելով, որ Բոլթոնը խախտել է օրենքը՝ գրքում ներառելով բարձր դասակարգված գաղտնի նյութեր: ԱՄՆ-ն երեքշաբթի դատի է տվել Բոլթոնին՝ փորձելով արգելափակել գրքի հրատարակումը՝ պնդելով, որ դա սպառնում է ազգային անվտանգությանը:
Երկուշաբթի օրը Թրամփը հայտնել էր, որ Բոլթոնը տեղյակ է, որ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն: Գիրքը չի անցել ստուգման հատուկ ընթացակարգ, որով պարտավոր են անցնել կառավարության նախկին պաշտոնյաների ցանկացած հրապարակման ենթակա գրքերը, քանի որ կարող են պարունակել գաղտնի տեղեկություններ: Թրամփը ընդգծել է, որ նա դիտարկում է Բոլթոնի հետ յուրաքանչյուր աշխատանքային զրույց որպես գաղտնի տեղեկություն, ուստի գրքի հրապարակումը անօրինական է:
Անդրադառնալով բողոքի ցույցերին, որոնց նախորդել էր ոստիկանական գործողություններից հետո Ջորջ Ֆլոյդի մահը, Թրամփն ընդգծել է, որ բողոքի ակցիաները մարել են, և դա լավ է, նշել է նախագահը, քանի որ ցուցարարներից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի համար են բողոքում: