ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է երկարացնել Իրանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու բանաձև է ներկայացրել՝ չնայած Ռուսաստանի կողմից դրա դեմ հնչեցրած փաստարկներին: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են այդ կազմակերպությունում ՏԱՍՍ-ի աղբյուրը:
«Միացյալ Նահանգները բանաձևի նախագիծը ներկայացրել է Անվտանգության խորհրդին: Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նշանակված է հունիսի 30-ին: Ամենայն հավանականությամբ նախագիծը կքննարկվի այդ նիստում: Այնուամենայնիվ, քվեարկության ամսաթիվը դեռ որոշված չէ»,- հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նախագահին, որում հայտնել էր Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցը քննարկելու համար օբյեկտիվ հիմքերի բացակայության մասին:
Ինչպես հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված Իրանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու կարգը ժամանակավոր է:
Նա պարզաբանել է, որ 2020-ի հոկտեմբերի 18-ից հետո Իրան զենքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ դրույթների կիրառում երբեք նախատեսված չի եղել, և դրա վերանայման որևէ իրավական կամ այլ պատճառ չկա:
ԱՄՆ-ն իր բանաձևի նախագծում, որի պատճենը հասանելի է ՏԱՍՍ-ին, հիմնավորվում է էմբարգոն երկարաձգելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գնահատականներով՝ թևավոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ. իրանական ծագման են եղել:
Փաստաթղթով առաջարկվում է բոլոր երկրներին արգելել Իրանի հետ զենքի կամ հարակից նյութերի ուղղակի կամ անուղղակի գնումը կամ վաճառք, եթե դա թույլատրված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հանձնաժողովի կողմից: