Այո, ես գտնում եմ, որ Վահե Գրիգորյանին պետք է պատասխանատվության ենթարկեին. իրավապաշտպան
«Արդեն վաղուց սկսվել է հակասահմանարդական գործընթաց, որն այսօր շարունակվում է»,- ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արմեն Գալստյանը։
Հարցին՝ սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագիծը ստորագրած պատգամավորներին որևէ իրավական պատասխանատվություն սպառնո՞ւմ է, իրավապաշտպանը պատասխանեց՝ ապագայում քննչական մարմիններն իրենց կարողությունները զարգացնելու խնդիր են ունենալու հենց այս տիպի հանցագործությունների քննության պարագայում, որպեսզի կարողանան քննել այնպիսի հանցագործությունը, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է։
«Այդ առումով, իհարկե, քննչական մարմինները կտան գնահատականներ յուրաքանչյուր պատգամավորի գործողության վերաբերյալ։ Նրանք բնականաբար կփորձեն պաշտպանվել պատգամավորական անձեռնմխելիությամբ, և իրենց կարծիքն արտահայտելու ազատությամբ, բայց այս պահին դրա մասին խոսելը վաղ է։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է պատասխանատվության իր բաժինը զգա և իմանա, որ իր գործողությունները որոշակի իրավական հետևանքներ են ենթադրում։ Կարծում եմ, իրենք դա հստակ հասկացել են, իսկ իրենց քայլը դիտավորյալ հանցագործություն է, և դա ապացուցելու անհրաժեշտություն առաջանալու է, իսկ այն ապացուցվելու է։ Այն զգուշացումները, որոնք կատարվում էին, բավարար են, որ հետագայում հանցանքի դիտավորությունը բացահայտվի»,- նշեց Ա. Գալստյանը։
Դիտարկմանը, որ տեսակետներ կան՝ եթե օրենքի նախագիծը առաջին ընթերցումից հետո ուղարկվեր ՍԴ, կարծիքների բախում կառաջանար, և այդ պատճառով չի ուղարկվել, իրավապաշտպանն արձագանքեց՝ երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու հարցն էր քննարկվում, ոչ ճիշտ մեկնաբանություններ էին տրվում.
«Իրավական պետության հիմքը ընթացակարգերի մեջ է։ Ո՞վ ունի իրավունք որոշելու՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ այդ իրավասությունը Սահմանադրությամբ որևէ մեկին տրված չէ։ Գործը պարտավոր էին ուղարկել ՍԴ»։
Նրա խոսքով, երբ օրենքով նախատեսված ընթացակարգը որևէ կետում խախտվում է, ընթացակարգը դադարում է գոյություն ունենալ։ Իրավապաշտպանը խիստ վերապահությամբ է մոտենում օրենքին, որն օրեր առաջ ընդունել է խորհրդարանը, քանի որ այն չի անցել սահմանված իրավական ընթացակարգերը։
«Ըստ էության, չունենք այդ օրենքը։ Նախագիծը երբ հասներ ՍԴ, այդ ժամանակ կխոսեինք շահերի բախման մասին։ Գուցե այդ դատավորներն ինքնաբացարկ հայտարարեին և ասեին՝ չենք կարողանում այս հարցի վերաբերյալ որոշում ընդունել»,-նշեց նա։
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությանը՝ Արմեն Գալստյանը տեղեկացրեց, որ այն իրեն բավականին վրդովվեցրել է։
«Ես վրդովվեցի, որ Վահե Գրիգորյանը մինչև այսօր պատախանատվության չի ենթարկվել՝ մեկ տարի նիստերին չմասնակցելու համար։ Իր սուբյեկտիվ խնդիրն է, թե ինչու չի մասնակցել, բայց ՍԴ-ն պետք է քայլեր իրականացրած լիներ։ Ես ՍԴ-ին սկզբունքայնության մեջ մեղադրում եմ, որ ունենալով ընթացակարգ՝ պատասխանատվության ենթարկելու, չի ենթարկել։ Այո, ես գտնում եմ, որ Վահե Գրիգորյանին պետք է պատասխանատվության ենթարկեին։ ՍԴ-ն ուներ այդ իրավունքը»,- շեշտեց իրավապաշտպանը։
Նա տեղեկացրեց, որ ՍԴ դատավորներն իրավունք ունեն դիմելու ՄԻԵԴ, և, իր կարծիքով, դատավորները պետք է դա անեն՝ գոնե իրավական պետության պաշտպանության տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն և Կառավարությունը մատաղացու են, կա մեկ հոգի, որը ֆաշիստական շեշտադրումներ ունի. Հակոբյան
- Հայաստանում քաղաքական բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. Իշխանյան
- Եթե ես հրաժարվեի աշխատավարձից, դուք որքանո՞վ ապահով կզգայիք՝ մտածելով, թե ինչով է ապրում այդ դատավորը. Վահե Գրիգորյան