ՌԴ-ն և Չինաստանը մեղադրվում են համաճարակի ժամանակ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ
Մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանում և Չինաստանում, COVID-19-ի համաճարակը պատրվակ է օգտագործվել քաղաքացիների իրավունքների սահմանափակման համար: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթի խոսքերը հրապարակել է «Ինտերֆաքս»-ը:
«Ես տեղյակ եմ Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Կոսովոյում, Նիկարագուայում և շատ այլ երկրներում լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների դեմ ուղղված սպառնալիքների և ահաբեկումների վերաբերյալ հաղորդագրությունների մասին, հատկապես այն արվում է տեղական մակարդակով»,- ասել է Բաչելետը:
Ըստ նրա, նման սպառնալիքների տարածման նպատակը՝ ՔՈՎԻԴ-19-ի համաճարակի դեմ իշխանությունների պատասխան քայլերի վերաբերյալ քննադատական դիտողությունների կանխումն է:
Հունիսի 25-ին Ստոկհոլմի ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (IDEA) կայքը հրապարակել է նամակ, որով կոչ է արել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում պաշտպանել ժողովրդավարությունը: Հայտարարությունը ստորագրել են քաղաքական և քաղաքացիական շարժումների ավելի քան 500 ներկայացուցիչ:
IDEA-ի գլխավոր քարտուղար Քևին Կասաս Սամորան նշել է, որ նամակը նպատակաուղղված է նրան, որ բոլորին բացատրեն արժեքների ռիսկի ենթարկվելու մասին և թույլ չտան, որ ավտորիտար հակումներ ունեցող առաջնորդները օգտագործեն այս կամ մեկ այլ ճգնաժամը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և քաղաքացիների իրավունքները նվազեցնելու համար: