Բելառուսում չեղարկվել է թոշակառուներին այրած հանցագործի մահապատիժը
Բելառուսի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել «Սլուցկի խմբավորման» անդամ Վիկտոր Սկրունդիկի մահապատիժը:
«Քրեական գործերով գերագույն դատարանի խորհուրդը հրապարակել է որոշումը, որով բավարարել է Վիկտոր Սկրունդիկինի մահապատժի վճիռն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքարկման հայցը»,- ըստ «Ինտերֆաքս»-ի, նիստի արդյունքների մասին հայտնել է Բելառուսում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:
Հաղորդման համաձայն, մարտի 6-ին Մինսկի շրջանային դատարանը Սլուցկում արտագնա նիստի ժամանակ հայտարարել է «Սլուցկի խմբավորման» դատավճիռը:
Սլուցկի շրջանի երեք բնակիչներ մեղադրվում էին 79-ամյա և 94-ամյա կենսաթոշակառուներին սպանելու և 85-ամյա կնոջ սպանության փորձ կատարելու մեջ: Հետաքննության համաձայն ՝ ամբաստանյալները նախ փորձել են խեղդամահ անել տարեցներին, այնուհետև նրանց ողջ-ողջ այրել են: Այս ամենը տեղի էր ունեցել 2019 թվականի հունվարին:
Գործում ներգրավված բոլոր անձինք դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման, իսկ Վիկտոր Սկրունդիկը՝ մահպատժի:
Բելառուսը շարունակում է մնալ Եվրոպայի և ԱՊՀ միակ երկիրը, որտեղ պահպանվում է մահապատիժը, որը հանրապետության Սահմանադրության համաձայն, որպես բացառիկ պատժի միջոց կիրառվում է առանձնակի ծանր հանցագործությունների համար: Դատարանի վճիռը ի կատար է ածվում գնդակահարման միջոցով:
Այնուամենայնիվ, կանանց նկատմամբ մահապատիժ չի կիրառվում:
2019 թվականին Բելառուսում կայացվել է մահապատժի երեք դատավճիռ և երեքն էլ ի կատար էր ածվել: Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերին երկու կանանց դաժան սպանության համար մահապատժի էր ենթարկվել Բոբրուիսկի բնակիչը: 2020 թվականին մահապատժի դատավճիռ է կայացվել երկու եղբայրների հանդեպ, որոնք մեղավոր են ճանաչվել ուսուցչի սպանության մեջ: