Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր
Ստրասբուրգում տեղի են ունեցել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ Տիտիունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:
Եվրոպական դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:
Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն:
Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։
Հանդիպման սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ