Գերմանիան՝ Եվրամիության խորհրդի նախագահ
Հուլիսի 1-ից ԵՄ Խորհրդի նախագահությունը Խորվաթիայից անցավ Գերմանիային: Խորհրդում Գերմանիայի ղեկավարությունը կտևի մինչև 2020 թ. վերջ, փոխանցում է news.ru-ն։
Նշվում է, որ այս ժամանակահատվածում Բեռլինը ստիպված կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնցից երկրի իշխանություններն առանձնացնում են կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների հաղթահարումը, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդումը և թվայնացումը, կլիմայի պաշտպանությունը, ԵՄ համագործակցության զարգացումը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել միասնական և միաձայն դիրքորոշում ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների հաստատման գործում: Նա նաև նշել է, որ դժվար է գոհացնել ԵՄ բոլոր անդամներին, բայց Բեռլինը կձգտի դրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի արտգործնախարարությունը դատապարտում է նոր պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պատրաստվում է կիրառել խողովակաշարի անցկացման համար: Սպիտակ տան կողմից գործադրվող ճնշումը համարում է միջամտություն Եվրամիության ներքին քաղաքականությանը, ինչը կարող է վնասել ԵՄ երկրների համակարգված գործողություններին՝ կապված Ռուսաստանի Դաշնության հետ: