60 միլիոն դրամ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստումը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության բյուջեից 1.9 միլիարդ դրամ հատկացնել կրթության և մշակույթի ոլորտի շինությունների և հաստատությունների կապիտալ տարբեր ծախսերի համար:
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է շինարարական աշխատանքներ իրականացնել 7 քոլեջում, 10 ավագ դպրոցներում:
Նախարարի խոսքով, ևս 4 ավագ դպրոցում մասնակի և ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական և միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար թեքահարթակներ կկառուցվեն, սանհանգույցները կհարմարեցվեն, աջակցման սենյակներ կստեղծվեն:
Վերաբաշխվող գումարով նախատեսվում է մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի կառուցում, իսկ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման և հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ:
ԿԳՍՄ նախարարի խոսքով, նախատեսվում է նաև կապիտալ շինարարություն իրականացնել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մշակույթի ոլորտում կիրականացվեն ևս 5 նախագծման աշխատանք:
Արայիկ Հարությունյանն հայտնեց, որ 60 միլիոն դրամ կհատկացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստումը և տեղադրումն իրականացնելու համար: